2014 թվականից ի վեր առաջին անգամ Ուկրաինան մեծացրել է ԵՄ-ից գազի երաշխավորված ֆիզիկական ներմուծման իր կարողությունները։ Երկիրը Ռուսաստանին փոխարինող է գտել ի դեմս Սլովակիայի, գրում է Коммерсант-ը։
Ուկրաինական գազափոխադրման համակարգի օպերատորը և սլովակական Eustream գազի փոխադրման օպերատորը պայմանավորվել են շտապ ավելացնել Սլովակիայից Ուկրաինա գազատարի երաշխավորված թողունակությունը։ Երկու երկրների սահմանին գտնվող Բուդինցե կետի հզորությունը լիովին (օրական 42 մլն խմ) համարվելու է երաշխավորված։ Մինչ այդ այս ծավալից 15 մլն խմ-ը եղել է «ընդհատվող» հզորություն (ինչը օպերատորը չի կարող երաշխավորել)։
Ամբողջ հունվարի համար Ուկրաինան Բուդինցե կետով ստացել է 14,5 մլն խմ գազ։ Փետրվարի 3-ին նախատեսված էր 4,9 մլն խմ-ի մատակարարում։ ԵՄ-ից գազի վրա կենտրոնացումը կարելի է բացատրել ներկրվող գազի պահանջարկի կտրուկ աճի նախապատրաստմամբ՝ կապված պահեստարաններում պաշարների սպառման կամ ռուսական գազի տարանցման ամբողջական դադարեցման մտավախությունների հետ, նշում է թերթը։ Միևնույն ժամանակ, պարզ չէ, թե որտեղից կգա վառելիքը Եվրոպայում, եթե դադարեցվեն Ռուսաստանից Ուկրաինայի տարածքով մատակարարումները։
Փետրվարին նախատեսվում է նաև ներմուծում Հունգարիայից (մոտ 130 մլն խմ), ասել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Հերման Գալուշչենկոն։ Երթուղին արդեն ընթանում է։ Ընդհանուր առմամբ, երկիրը նախատեսում է փետրվարին ներմուծել մոտ 300 մլն խմ գազ Հունգարիայից, Սլովակիայից և Լեհաստանից։
Ուկրաինան պետք է ուղիղ պայմանագիր կնքի «Գազպրոմի» հետ, քանի որ էներգակիրների բարձր գները բացասաբար են անդրադառնում տնտեսության վրա, ավելի վաղ հայտարարել էր Ուկրաինայի էներգետիկ ռազմավարությունների հիմնադրամի համանախագահ Դմիտրի Մարունիչը։