Վրաստանում բոլոր ծխախոտները կվաճառվեն նույն փաթեթավորմամբ

Վրաստանում բոլոր ծխախոտները կվաճառվեն նույն փաթեթավորմամբ

Առողջապահության նախարարությունն ավարտել է Վրաստանում վաճառվող բոլոր ապրանքանիշերի ծխախոտի միասնական փաթեթի ստեղծման կանոնակարգի նախագծի աշխատանքը, խորհրդարանում հայտարարել է առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան։

Ծխախոտի բոլոր ապրանքանիշերի փաթեթավորման միասնական ստանդարտի ներդրումը հակածխախոտային օրենսդրության մի մասն է, որն ուժի մեջ է մտել Վրաստանում 2017 թվականին։

«Մենք փաստացի ավարտել ենք տեխնիկական կանոնակարգի աշխատանքները, և օրենսդրությամբ արգելվելու է ծխախոտի վաճառքը ոչ ստանդարտ փաթեթավորմամբ»,- ասել է Գաբունիան։

Նրա խոսքով, փաթեթավորումն ավելի քիչ գրավիչ կլինի, և որևէ ասոցացում չի լինի, որ ծխախոտի որոշ արտադրանք ավելի քիչ վնասակար է, քան մյուսները:

«Մենք ակնկալում ենք, որ այս փոփոխությունները կօգնեն նվազեցնել ծխողների թիվը, ինչը դրականորեն կանդրադառնա հանրային առողջության վրա»,- ասել է Գաբունիան։

Այսօր Վրաստանում գրեթե բոլոր հասարակական վայրերում արգելված է ծխել։ Բացառություն են կազմում բուհերի և բժշկական հաստատությունների տարածքում հատուկ ծխելու համար նախատեսված վայրերը, խաղատները և որոշ խաղային ավտոմատ սրահներ։ Հնարավոր է նաեւ, որ դերասանները ներկայացման ժամանակ ծխեն, եթե դա պահանջում է ռեժիսորի մտադրությունը։