ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի օրը՝ մարտի 8-ին, հրամանագիր է ստորագրել Ռուսաստանից էներգակիրների ներկրումն ու ռուսական էներգետիկ ոլորտում նոր ներդրումներն արգելելու մասին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով փաստաթղթին։
Գործադիր հրամանում նշվում է, որ նախագահը ընդլայնում է «ազգային արտակարգ դրության շրջանակը», որը հայտարարվել է 2021 թվականի ապրիլի 15-ի 14024 Գործադիր հրամանով։
Հում նավթը, նավթամթերքները, նավթային վառելանյութերը և յուղերը, ինչպես նաև դրանց թորման արտադրանքները, հեղուկ բնական գազը, ածուխը և ածուխի արտադրանքը արգելվել են ներմուծել Միացյալ Նահանգներ։
ԱՄՆ-ի նպատակները
Ջո Բայդենը երեքշաբթի ավելի վաղ հայտարարել էր Ռուսաստանից էներգակիրների ներմուծումն արգելելու որոշման մասին։ Նա նաև զգուշացրել է, որ բենզինի գները կշարունակեն աճել՝ կապված Ռուսաստանի դեմ կիրառվող սահմանափակումների հետ։
Այսօր ես հայտարարում եմ, որ ԱՄՆ-ը թիրախավորել է ռուսական տնտեսության հիմնական զարկերակը։ Մենք արգելք ենք դնում ռուսական նավթի, գազի և էներգակիրների բոլոր ներկրումների վրա։ Սա մի քայլ է, որն ունի երկկուսակցական ուժեղ աջակցություն Կոնգրեսում և, կարծում եմ, երկրում: Ամերիկացիները հավաքվել են՝ աջակցելու ուկրաինացի ժողովրդին
Ջո Բայդեն
Նրա խոսքով, ԱՄՆ-ն այս որոշումը կայացրել է աշխարհի, հատկապես Եվրոպայում դաշնակիցների ու գործընկերների հետ սերտ խորհրդակցություններից հետո։ Միաժամանակ ամերիկյան կողմը հասկանում է, որ եվրոպական երկրները չեն կարողանա միանալ ներմուծման արգելքին։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ իշխանությունները մասնավոր հատվածին կոչ են անում չուռճացնել գները եւ պայքարելու են սպեկուլյանտների դեմ։