Եվրամիությունը կհրաժարվի ռուսական ածխից և կփակի սահմանները փոխադրողների համար

Եվրամիությունը կհրաժարվի ռուսական ածխից և կփակի սահմանները փոխադրողների համար

Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթի շրջանակներում, որը ներկայացվում է Ուկրաինայի Բուչա քաղաքում ստեղծված իրավիճակի հետ կապված, Եվրահանձնաժողովը կառաջարկի ամբողջությամբ հրաժարվել ռուսական ածխի ներկրումից, դադարեցնել նոր սարքավորումների մատակարարումը և փակել ծովային և ցամաքային սահմանները ռուսական փոխադրողների համար։ Այս մասին դիվանագետների տեղեկատվությանը հղումով գրում է The Wall Street Journal-ը։

Նման միջոցները պետք է հաստատվեն Եվրամիության բոլոր 27 անդամների կողմից։ Ավելի վաղ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը խոստովանել էր, որ հնարավոր չի լինի պատժամիջոցներ կիրառել ռուսական գազի նկատմամբ՝ Հունգարիայի պատճառով, որը չափազանց կախված է մատակարարումներից։ Այդուհանդերձ, նա առաջարկել է, որ պատժամիջոցները համաձայնեցվեն երեքշաբթի օրը՝ ապրիլի 5-ին, որպեսզի հնարավորինս արագ ուժի մեջ մտնեն։

Ի թիվս այլ հարցերի, դիտարկվում են այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են կիսահաղորդիչների, բարձր տեխնոլոգիական սարքավորումների, հեղուկ բնական գազի (LNG) արտադրության տեխնոլոգիաների մատակարարման արգելքը։ Առանձին-առանձին նոր սահմանափակող միջոցներ են նախապատրաստվում ռուս օլիգարխների և նրանց ընտանիքների որոշ անդամների նկատմամբ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուսական դպրոցներում հատուկ դասեր են անցկացվելու ռուսական տնտեսության վրա պատժամիջոցների ազդեցության վերաբերյալ։ 5-11-րդ դասարանների աշակերտներին կպատմվի նախագահ Վլադիմիր Պուտինի ընտրած և վարչապետ Միխայիլ Միշուստինի աջակցած ճիշտ ուղու մասին: Կրթության նախարարությունը ուսուցիչներին խորհուրդ է տվել դասերն ուղեկցել պետության ղեկավարի և վարչապետի մեջբերումներով և բացատրել, որ իրենց աշխատանքի առաջնահերթությունը գործազրկության դեմ պայքարն է։ Դասի վերջում աշակերտները պետք է պատասխանեն, թե ով է ամենաշատը տուժելու պատժամիջոցներից՝ Ռուսաստանը, թե արևմտյան երկրները, և արդյոք հակառուսական պատժամիջոցները մեզ օգուտ կտան։