Ցորենի սուբսիդավորման ծրագրի վրա աշխատելու գործընթացը կասեցվել է

Ցորենի սուբսիդավորման ծրագրի վրա աշխատելու գործընթացը կասեցվել է

Ցորենի սուբսիդավորման ծրագրի վրա աշխատելու գործընթացը, որի մեկնարկը կառավարությունը քննարկում էր ոլորտի հետ՝ հացի թանկացումն ապահովագրելու նպատակով, կասեցվել է։ Այդ մասին BM.GE-ին պատմել է «Բարակա» գործարանի ղեկավար Վլադիմիր Բիձինաշվիլին։

Ռուս-ուկրաինական պատերազմից հետո, միջազգային շուկայում ցորենի թանկացման պատճառով, Վրաստանի կառավարությունն առաջարկեց ոլորտին սուբսիդավորման մեխանիզմ, որը պետք է ներդրվեր ապրիլ-մայիս ամիսներին։

Լադո Բիձինաշվիլին բացատրում է, որ ցորենի գները միջազգային շուկայում գտնվում են իրենց գագաթնակետին, և, հետևաբար, Վրաստանում ալյուրի գինը բարձրացել է։

«Սուբսիդավորման հետ կապված որոշ որոշումներ են կայացվել, սակայն իմ տեղեկություններով՝ սուբսիդավորման վրա աշխատելու գործընթացը կասեցվել է։ Ցորենի գներն իրենց գագաթնակետին են միջազգային շուկայում. 1 տոննա ցորենի արժեքը տատանվում է 400-420 դոլարի սահմաններում։ Քանի որ Ռուսաստանից ալյուրի ներկրումն ավելացել է, հաց արտադրողները կարողացել են պահպանել գինը, 2-3 շաբաթվա ընթացքում 1 պարկ ալյուրի գինը դարձել է 80 լարի»,– ասել է «Բարակա»-ի ղեկավարը։

Նրա խոսքով, տեղական գործարանների համար առաջնահերթ խնդիրն ալյուր ներկրողների հետ հավասար պայմաններում լինելն է։

«Մեզ համար կարեւոր է, որ շուկայական քաղաքականությունը լինի առողջ։ Այն իրավիճակում, երբ ցորենի արտահանման հարկը հասնում է մինչև 100 դոլարի, իսկ ալյուրի ներմուծումն ավելի էժան է ստացվում, մեզ համար կարևոր է ալյուրի ներմուծման վրա որոշակի հարկ սահմանել կամ մրցակցելու արտոնություն ունենալ։ Այսօր մի քանի գործարաններ կանգնեցված են, իսկ մնացածներն աշխատում են 40-50 տոկոս ծանրաբեռնվածությամբ»,- ասել է Բիձինաշվիլին։

Նրա խոսքով, «Բարակա» գործարանն այսօր աշխատում է 60 տոկոս բեռնվածությամբ՝ Ղազախստանից ցորենի ներմուծման ավելացման հաշվին։ Լադո Բիձինաշվիլին ասում է, որ ապրիլի 6-8-ը Վրաստանում կայացած վրաց-ղազախական գործարար համաժողովում ընկերությունը կապ է հաստատել նոր մատակարարների հետ՝ Ղազախստանում ցորենի իր մատակարարներին դիվերսիֆիկացնելու նպատակով։

«Վերջին զարգացումների պատճառով մենք սկսել ենք ցորենի այլընտրանքային շուկաներ փնտրել։ 2 ամսում Ղազախստանից ստացել ենք մոտ 3000 տոննա ցորեն։ Մեզ համար շատ կարևոր է դիվերսիֆիկացնել մեր մատակարարները նաև Ղազախստանում, ուստի մենք կապեր ենք փոխանակել տարբեր մատակարարների հետ վրաց-ղազախական բիզնես ֆորումում և կհամագործակցենք նրանց հետ մրցունակ գների դեպքում», – ասել է «Բարակա» գործարանի ղեկավարը։