Ամերիկյան Մասաչուսեթս նահանգում չորեքշաբթի կապիկների ծաղիկ հիվանդություն է գրանցվել։ Սա հազվադեպ հիվանդություն է, որը սովորաբար հանդիպում է Աֆրիկայում, տեղեկացրել է USA Today-ը։
Վերջին ժամանակներս հաստատված կամ ենթադրվող դեպքերի ոչ մեծ քանակություն գրանցվել է նաեւ Մեծ Բրիտանիայում, Պորտուգալիայում եւ Իսպանիայում։
Հանկարծակի բռնկումն անհանգստացրել է հանրային առողջապահության ոլորտի մասնագետներին ամբողջ աշխարհում։ Չորեքշաբթի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ խումբ է ուղարկում, որը կզբաղվի Մեծ Բրիտանիայում հիվանդության բռնկման հարցով։
«Սովորաբար կապիկների ծաղիկը գլոբալ տարածում չունի»,- USA Today-ին ասել է Կալիֆոռնիական համալսարանի Ֆիլդինգի հանրային առողջապահության դպրոցի պրոֆեսոր, բժիշկ Էնն Ռիմոյնը, որը մանրամասն ուսումնասիրել է կապիկների ծաղիկ եւ այլ վարակիչ հիվանդությունները, որոնք տարածված են Կենտրոնական Աֆրիկայում։ Նա նշել է, որ նման բռնկումները «հազվադեպ եւ անսովոր երեւույթ են»։
Չնայած վիրուսով վարակված մարդիկ հիմնականում բուժվում են, այն կարող է վտանգավոր եւ որոշ դեպքերում մահացու լինել, վկայում են Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների տվյալները։
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ հիվանդության մասին.
Կապիկների ծաղիկ հիվանդությունը հազվադեպ հիվանդություն է, որն առաջանում է այն ընտանիքի վիրուսներից, ինչ եւ ծաղիկը։ Վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է 1958թ. փորձարկվող կապիկների մոտ։
Այս վիրուսով մարդու հիվանդանալու առաջին դեպքը հայտնաբերվել է 1970թ. Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում։ Այսօր կապիկների ծաղիկ հիվանդությամբ վարակվելու դեպքերի մեծ մասը նախկինի պես տեղի է ունենում այնտեղ, բայց հիվանդությունը գրանցվել է նաեւ Կենտրոնական ու Արեւմտյան Աֆրիկայի մի շարք այլ երկրներում, տեղեկացրել են Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոններում։