Դժոխային ճանապարհ. Ախալի Խուլգումո

Դժոխային ճանապարհ. Ախալի Խուլգումո

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ախալի Խուլգումո (Տամբովկա) գյուղը գտնվում է Նինոծմինդա քաղաքի կենտրոնից 40 կմ հեռավորության վրա՝ Փարավանա լճի ափին՝ լեռան ստորոտին, որտեղ գտնվում է Շաուրի ամրոցը։

Ախալի Խուլգումո գյուղն ունի սոցիալական և կենցաղային տարբեր խնդիրներ, որոնցից հիմնականը ճանապարհների խնդիրն է։

Գյուղը Նինոծմինդայի մունիցիպալիտետի այն գյուղերից է, որտեղ ճանապարհները չեն ասֆալտապատվել։

Բնակիչների խոսքով՝ գյուղ տանող ճանապարհը ոչ միայն խանգարում է երթեւեկությանը, այլեւ կոտրվում են մեքենաները։ Բնակիչները չեն հիշում, թե երբ են եղել ճանապարհները բարվոք վիճակում։

Տաքսին երկու անգամ ավելի թանկ արժե։ Եվ ամեն տաքսու վարորդ չէ, որ կհամաձայնի հաճախորդին այս գյուղ տանել։ Նինոծմինդա քաղաքից մինչև Ախալի Խուլգումո գյուղ տաքսու միակողմանի ուղեվարձն արժե 40-ից 50 լարի։

Ենթակառուցվածքների ծառայությունից տեղեկացանք, որ այս տարի Ախալի Խուլգումո գյուղ տանող ճանապարհի ասֆալտապատման նախագիծ է կազմվելու, սակայն այս տարի ասֆալտապատում նախատեսված չէ։