Եվրոպական տարբեր երկրներում խոշոր հրդեհներ են մոլեգնում, հաղորդում է BBC-ն։
Բնակիչները և հանգստացողները լքել են Ֆրանսիայի քաղաքներն ու գյուղերը: Վերջին մի քանի օրվա ընթացքում ավելի քան 10 հազար մարդ ստիպված է եղել լքել հարավ-արևմտյան Ժիրոնդի շրջանը։
Տասնյակ հրդեհներ են մոլեգնում Պորտուգալիայում և Իսպանիայում, որտեղ ջերմաստիճանը գերազանցել է 40C-ը: Երկու երկրներում առնվազն 281 մահվան դեպք առնչվում է տապի հետ:
Իսպանիայի արևմուտքում մի քանի քաղաքներից տարհանվել են բնակիչները։
Պորտուգալիայում ուրբաթ առավոտվա դրությամբ ավելի քան 30 հրդեհ էր մոլեգնում, որոնցից մեկը՝ Պոմբալ անտառում, շարունակվում է արդեն մեկ շաբաթ։
Իտալիայում և Խորվաթիայում ևս անտառային հրդեհներ են, Հունաստանի 5 շրջաններում էլ անտառային հրդեհների մեծ վտանգ կա։
Պարբերականը նշում է, որ ջերմային ալիքներն ավելի հաճախակի են դարձել, ավելի ինտենսիվ և երկար են տևում մարդկանց առաջացրած կլիմայի փոփոխության պատճառով: Արդյունաբերական դարաշրջանի սկզբից ի վեր աշխարհում ջերմային ֆոնը բարձրացել է մոտ 1,1 աստիճանով, և ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ, եթե ամբողջ աշխարհի կառավարությունները արտանետումների կտրուկ կրճատումներ չանեն: shantnews.am