Արարատի մարզում, օգոստոսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 23։00-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Դարակերտ գյուղի դպրոցի մոտ տեղի ունեցած վրաերթի հետևանքով շտապօգնության ավտոմեքենայով «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել երիտասարդ աղջիկ։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ վիրավորը նույն գյուղի բնակիչ՝ 26-ամյա Ռիմա Հ-ն է։
Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, ժամը 23։50-ի Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից ահազանգ է ստացվում ոստիկանության Մասիսի բաժին, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Ոստիկանները պարզում են, որ մահացածը Դարակերտ գյուղի բնակիչ՝ 8 ամսական Արման Ա-ն էր։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 22։40-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 36-ամյա Սերգեյ Ս-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Դարակերտ գյուղի կենտրոնական փողոցի 99 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել Ռիմա Հ-ին և Արման Ա-ին։
Վրաերթի փաստով Մասիսի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Կայքի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները մայր ու որդի են։