Գյումրիում կտրել են 60-ամյա կնոջ պարանոցը․ նա մանկապարտեզի հավաքարար էր

Գյումրիում կտրել են 60-ամյա կնոջ պարանոցը․ նա մանկապարտեզի հավաքարար էր

Այսօր Գյումրու Շիրակացի փողոցի բնակարաններից մեկում ժամը 11․45-ի սահմաններում հայտնաբերվել է 60-ամյա կնոջ դի։

Արտակարգ իրավիճակների նախարարության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է հնչել, որ Շիրակացի փողոցի բնակիչը չի արձագանքում ո՛չ հեռախոսազանգերին, ո՛չ թակոցներին։ Հրշեջ փրկարարները, բացելով բնակարանի դուռը, հյուրասենյակում բազմոցի վրա հայտնաբերել են 1959 թվականին ծնված Մելսիդա Գ․-ի դին։

Ինչպես տեղեկացանք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումը հայտնաբերել է տանտիրուհու դին՝ պարանոցի շրջանում սուր-կտրող ծակող առարկայից ստացած հարվածի հետքերով։

Մեր տեղեկություններով, տիկին Մելսիդան աշխատում է Գյումրու Սովխոզի մանկապարտեզում՝ «Հենզել և Գրետել» ՀՈԱԿ-ում՝ որպես հավաքարար։

Մեզ մանկապարտեզից փոխանցեցին, որ նա բնակվում էր միայնակ, ամուսինը մահացած է, երեխաներ չունեն։

Տիկին Մելսիդան այսօր աշխատանքի չի գնացել, մանկապարտեզի տնօրեն Կարինե Մելիքյանը անընդմեջ զանգահարել է նրան, սակայն հեռախոսազանգերը մնացել են անպատասխան։ Մանկապարտեզի տնօրենը անհանգստանալով՝ զանգահարել է հարևաններին ու խնդրել թակել դուռը։

Դռան թակոցները ևս անպատասխան են մնացել։ Մանկապարտեզի տնօրենը զանգահարել է տիկին Մելսիդայի հորաքրոջ որդուն, որը հասել է նրա բնակարան ու տեսել է՝ դուռն արդեն բաց է։ «Նա աշխատավայրում կոնֆլիկտներ չի ունեցել», -ասացին աշխատավայրից։

Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության հատկանիշներով, ձեռնարկվում են օպերատիվ հետախուզական միջոցներ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am