Զորահավաք. Արդյո՞ք ախալքալաքցիները լքում են Ռուսաստանը

Զորահավաք. Արդյո՞ք ախալքալաքցիները լքում են Ռուսաստանը

Մինչդեռ Ռուսաստանում հայտարարված է մասնակի զորահավաք, և ՌԴ քաղաքացիները գրավում են երկրից հեռանալու բոլոր հնարավոր ուղիները, ինչպե՞ս են Ռուսաստանում ապրող կամ աշխատող ախալքալաքցիները վերաբերում այս իրավիճակին։ Ժամանակին արտագաղթի ճանապարհն ընտրած մարդիկ արդյո՞ք մտածում են Ախալքալաք վերադառնալու մասին։ Գրում է jnews.ge

Սեպտեմբերի 21-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակի զորահավաք է հայտարարել։ Նրանք, ովքեր պահեստազորում են, արդեն ծառայել են ՌԴ ԶՈւ շարքերում և ունեն որոշակի ռազմական մասնագիտություններ և համապատասխան փորձ՝ ենթակա են զորակոչի։ Պուտինի խոսքով, զորամասեր ուղարկելուց առաջ զինվորական ծառայության զորակոչվածները անպայման լրացուցիչ զինվորական պատրաստություն կանցնեն։

Հրամանագրի համաձայն՝ ռազմարդյունաբերական համալիրի կազմակերպություններում աշխատող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին ծառայությունից տարկետում է տրվում։ Պայմանագրով ծառայությունից ազատ արձակում չի իրականացվի, ծառայությունից կազատվեն միայն նրանք, ովքեր առողջական պատճառներով, տարիքի կամ դատական վճիռը ուժի մեջ մտնելու պատճառով չեն կարողանա կատարել իրենց ծառայողական պարտականությունները։ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ 300 հազար ռուսաստանցիներ մասնակի մոբիլիզացիայի են ենթարկվելու։ Շոյգուի խոսքով՝ պաշտպանության նախարարությունը մտադիր չէ զորակոչել ուսանողներին։ Բացի այդ, զինվորականները, ովքեր արդեն իսկ ծառայում են զորակոչով, չեն ուղարկվի ռազմական գոտի։ ՊՆ ղեկավարը մասնակի զորահավաքի անհրաժեշտությունը բացատրել է «առաջնագծի մեծ երկայնքով»։

Առաջիկա հանրաքվեների ֆոնին Պետդուման փոփոխություններ է ընդունել զորահավաքային և ռազմական դրության վերաբերյալ։ Փոփոխությունների համաձայն՝ զորահավաքներին չներկայանալը կպատժվի ազատազրկմամբ՝ մինչև տասը տարի ժամկետով, դասալքությունը՝ մինչև 15 տարի ազատազրկմամբ, իսկ ռազմական գործողություններին մասնակցելուց հրաժարվելը՝ մինչև երեք տարի ժամկետով ազատազրկմամբ։

Մոբիլիզացիայի հայտարարումից հետո կարճ ժամանակ անց սպառվել են ավիատոմսերը Մոսկվայից դեպի այն երկրներ, որտեղ ՌԴ քաղաքացիների մուտքն առանց վիզայի թույլատրվում է, այդ թվում՝ Հայաստան։ Ավիատոմսերի գները բազմակպատիկ անգամ թանկացել են: Նույն օրը երեկոյան Ռուսաստանի և Վրաստանի սահմանին «Վերին Լարս» անցակետում խցանումներ են գոյացել Ռուսաստանի Դաշնությունը լքող մեքենաների պատճառով։

«Երեկ սահմանից՝ Լարսից մեզ տեսագրություն են ուղարկել, որ այնտեղ հսկայական հերթեր են կուտակվել, բայց երեկ իմ ազգականն ազգությամբ ռուս անձի Լարսով տարել է Վրաստան, նա ուզում էր Վրաստանից տեղափոխվել Եվրոպա, և բարեկամս ասում է, որ այդ ժամանակ խցանումներ չեն եղել, շատ արագ անցել են սահմանը: Այսօր նա հետ է գալիս ու ասում է, որ ահռելի հերթեր են»,- ասում է Ռուսաստանի Դաշնությունում արտագնա աշխատանքներով զբաղվող Ախալքալաքի բնակիչներից մեկը։

Մինչդեռ, Ռուսաստանում աշխատող ախալքալաքցիների շրջանում խուճապ չկա, պատճառն այն է, որ նրանցից շատերը կա՛մ Հայաստանի քաղաքացիներ են, կա՛մ լինելով Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ՝ չեն ծառայել կամ հաշվառված չեն եղել Ռուսաստանում զինվորական ծառայության մեջ։

«Որևէ խուճապ չկա և մերոնք հետ չեն գնում: Չնայած արդեն վերադառնալու ժամանակն է, շուտով տուն կգնանք: Դեռ բոլորս աշխատում ենք, առանց այն էլ դժվար տարի էր: Մերոնք չեն վախենում, դրանք այն մարդիկ են, ովքեր չեն ծնվել այստեղ՝ Ռուսաստանի Դաշնությունում և չեն ծառայել բանակում: Իսկ մոբիլիզացիայով զորակոչում են նրանց, ովքեր արդեն ծառայել են և կոչում ունեն։ Մեծ քաղաքներում, ամենայն հավանականությամբ, զանգվածային մոբիլիզացիա չի լինի, որ մարդիկ տագնապի չենթարկվեն ու ասեն՝ մենք մեծ բանակ ունենք, ինչի՞ եք զորակոչում։ Դրա համար հանգիստ է: Ռուսաստանը մեծ է, կարելի է զորակոչել ծայրամասերից, գյուղական տեղանքներից»,- ասում է ՌԴ քաղաքացիություն ունեցող Ախալքալաքի բնակիչը:

Սակայն այնտեղ ծնվածները, հեռացած ախալքալաքցիները, ովքեր չէին մտածում, որ երբևիցե Ռուսաստանից կվերադառնային հայրենիք, բոլորովին այլ վերաբերմունք ունեն մոբիլիզացիայի նկատմամբ, և հիմա փորձում են հետ ուղարկել իրենց որդիներին։

«Իհարկե, երեխաների համար վախենում ենք, ես ունեմ զորակոչիկ 18 տարեկան տղա, 19 տարեկան եղբորորդի: Տղաս անձնագիր չունի: Հենց որ ստանա, անմիջապես հետ կուղարկեմ Ախալքալաք»,- ասում է Ս.Մ.-ն:

Մյուսները, ինչպես հազարավոր տարբեր ազգությունների քաղաքացիներ, ժամանում են Վրաստան։

«Ես դեպի Վրաստան ճանապարհին եմ: Միշտ էլ հավանականություն կա, որ ինձ կզորակոչեն: Ընկերներիցս մի քանիսն արդեն ծանուցագիր են ստացել: Ես էլ կստանա՞մ: Ավելի ստույգ՝ ուղարկե՞լ են այն արդեն, չգիտեմ: Չգիտեմ, թե ինչ եմ անելու, եթե ինձ զորակոչեն, բայց ես չեմ ուզում գնալ պատերազմելու: Կխորհրդակցեմ ընկերներիս, ծանոթներիս հետ և այլն։ Հայերի (այդ թվում՝ ախալքալաքցիների) կարծիքը հնարավոր չէ որևէ կերպ առանձնացնել։ Դրանք բոլորը բաժանված են՝ «կսպասեմ, եթե զորակոչեն, կգնամ» և «մինչ ծանուցագիրը չեմ ստացել, կփորձեմ հեռանալ կամ կթաքնվեմ»։ Ինչ-որ մեկը, անշուշտ, խուճապի է մատնվում և գլխի մազերն է պոկում, ինչ-որ մեկն էլ գիտակցաբար և առանց խուճապի հասկանում է, որ իրավիճակը միայն սրվելու է, ուստի շտապում է երկիրը լքել: Ես դա չեմ կարող խուճապ անվանել»,- ասում է Մոսկվայի բնակիչը, որն ավարտել է համալսարանի ռազմական ամբիոնը։

Թե ինչպես կդասավորվի իրավիճակը, ախալքալաքցիները զանգվածաբար կվերադառնա՞ն հայրենիք, և արդյո՞ք Ռուսաստանը նրանց կթողնի Վրաստան՝ պարզ կդառնա ավելի ուշ։