Ռուսաստանի կառավարությունը փակում է ռուս-վրացական «Կազբեգի-Վերին Լարս» և «Քվեմո Զարամագի» (Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայում է գտնվում) անցակետերում տեղակայված շարժական կոմիսարիատները: Aliq Media-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հյուսիսային Օսիայի Հանրապետության ղեկավար Սերգեյ Մենյայլոն։
Մենյայլոն նշել է, որ Ռուսաստանից մեկնող քաղաքացիների ամենօրյա հոսքը նվազել է, իրավիճակը կայունացել է, և պետական սահմանի անցման կանոնակարգման համար լրացուցիչ միջոցների կարիք չկա։
«Դաշնային սահմանային ծառայությունն արդեն կազմել է այն քաղաքացիների ցուցակը, ում համար սահմանափակված է Ռուսաստանից ելքը, և այդ ցուցակում հիմնականում ներառված են Ռուսաստանի այլ շրջանների ներկայացուցիչներ»,- պարզաբանել է Մենյայլոն:
Նշենք, որ վերոնշյալ մաքսակետերում զորահավաքային կետը տեղակայվել էր ՌԴ-ում մասնակի մոբիլիզացիա հայտարարելուց մեկ շաբաթ անց՝ ՌԴ քաղաքացիների կողմից երկիրը մասսայաբար լքելու ֆոնին: tv9news.ge