Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանվում է Ռուսաստանի Զինված ուժերում օտարերկրյա քաղաքացիների ծառայության ընդունման կարգը։ Այն հրապարակվել է իրավական ակտերի հրապարակման պորտալում:
Այն փոփոխություններ է սահմանում 1999 թվականին հաստատված զինվորական ծառայության կարգի կանոնակարգում։ Փոփոխությունների համաձայն՝ օտարերկրացիները, ինչպես Ռուսաստանի քաղաքացիները, կարող են ծառայել բանակում պայմանագրով: Ինչպես Ռուսաստանի քաղաքացիների դեպքում, պայմանագիրը չի կարող կնքվել այն օտարերկրացու հետ, որի նկատմամբ կատարվում է հետաքննություն, կայացվել է մեղադրական դատավճիռ։ Բացի այդ, պայմանագիրը չի կարելի կնքել օտարերկրացու հետ, ով վարչական պատիժ է ստացել թմրանյութերի օգտագործման համար մինչև պատժի ժամկետի ավարտը։
Բացի այդ, Վլադիմիր Պուտինի հրամանագրի համաձայն, երկքաղաքացիություն ունեցող ռուսները նույնպես կզորակոչվեն բանակ՝ զինվորական ծառայության։ Նախկինում ծառայության էին զորակոչվում միայն Ռուսաստանի քաղաքացիները։ Դրույթի նոր տարբերակի համաձայն՝ զորակոչի միջոցով ծառայության կանցնեն «[Ռուսաստանի Դաշնության] քաղաքացի հանդիսացող զինվորները, նավաստիները, սերժանտները, ներառյալ օտարերկրյա պետության քաղաքացիություն ունեցողները, այդ թվում՝ կացության թույլտվություն կամ օտարերկրյա պետության տարածքում քաղաքացու մշտական բնակության իրավունքը հաստատող այլ փաստաթուղթ ունեցողները:
Փոփոխությունները սահմանում են նաև Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում և զինվորական կազմավորումներում օտարերկրյա քաղաքացիների կողմից խաղաղ պայմաններում զինվորական ծառայության, զինծառայության (պայմանագրի) կնքման և դրա դադարեցման կարգը։