Վրաստանի խորհրդարանը քննարկում է Վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններ, որոնք նախատեսում են խստացնել պատիժները սառը զենք կրելու և անօրինական վաճառքի համար։
Փոփոխությունների համաձայն՝ սառը զենք կրելու համար տուգանքը 200 լարիից կդառնա 500 լարի, իսկ քաղաքացիական շրջանառության մեջ արգելված զենք կրելը կպատժվի 1000 լարի տուգանքով։
Խոսքը մարմնին կամ ձեռքին սառը զենք կրելու մասին է։ Տուգանքները կներառեն անձնական հիգիենայի, ճաշ պատրաստելու, որսի, գյուղատնտեսական գործունեության համար անհրաժեշտ դանակ կրելը կամ որպես ազգային տարազի մաս, եթե դա «խախտում է հասարակական կարգը կամ ստեղծում է խախտման վտանգ»։
Սառը զենք վաճառելու համար պահանջվում է լիցենզիա։ Լիցենզիայի կանոնների խախտմամբ վաճառքը ենթադրում է 2000 լարի տուգանք, իսկ կրկնակի խախտման դեպքում՝ 4000 լարի։
Օրենսդրություն է մտցվել նաև սառը զենքի ապօրինի առևտուր տերմինը։ Այս խախտումը ֆիզիկական անձի համար կպատժվի 1000 լարիով, իսկ իրավաբանական անձի համար՝ 3000 լարիով։
Բացի այդ, քրեական պատասխանատվություն է մտցվում նախկինում դատապարտված անձին կամ անչափահասին սառը զենքեր փոխանցելու համար։ Առաջին դեպքում տուգանքը կկազմի 500-ից հազար լարի, իսկ երկրորդի դեպքում՝ հազարից 1,5 հազար լարի։
Տուգանք է մտցվել նաև սառը զենքի ապօրինի ներկրման համար՝ 1000-ից 3000 լարիի չափով։
«Զենքի մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ սառը զենք կարող են գնել միայն այն չափահաս անձինք, ովքեր գնելու պահին տրամադրել են անձնագիր և քրեական անցյալի վկայական։ Նման զենք գնողն ինքնաբերաբար կմտնի Վրաստանի ՆԳՆ բազա։
Միաժամանակ հնարավոր կլինի ձեռք բերել այն սառը զենքերը, որոնք համապատասխանում են վրացական օրենսդրության նորմերին։ Թույլատրելի զենքերի ցանկը կորոշի Վրաստանի կառավարությունը հատուկ որոշմամբ։
Փոփոխությունները պետք է ընդունվեն երեք ընթերցմամբ։