Ռուսական նավթը հեռանում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարից

Ռուսական նավթը հեռանում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարից

«Լուկօյլ»-ը մտադիր է դեկտեմբերից դադարեցնել նավթի մատակարարումները Կասպից ծովի հանքերից Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով` ԵՄ էմբարգոյի պատճառով և դրանք վերահղել դեպի Կասպյան խողովակաշարերի կոնսորցիում (CPC) համակարգ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:

«Ռուսական նավթը հեռանում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհանից, պատճառը պատժամիջոցներն են»,- ասել է աղբյուրներից մեկը։ Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ նման որոշում են կայացրել ԲԹԿ-ի արեւմտյան բաժնետերերը։

Դեկտեմբերի 5-ից պետք է ուժի մեջ մտնի ռուսական նավթի ներկրման ԵՄ էմբարգոն, CPC-ից նավթի արտահանումը չի ենթարկվում էմբարգոյի։

«Լուկօյլ»-ը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան համակարգին նավթ է մատակարարում Կասպից ծովում գտնվող իր հանքավայրերից:

Գործակալության գնահատականների և դեկտեմբեր ամսվա առաքման պլանի համաձայն՝ ընկերությունը կարող է դեկտեմբերին ավելացնել CPC-ի միջոցով մատակարարումների արտահանումը 1,8 անգամ՝ մինչև 660 հազար տոննա նոյեմբերի 364 հազար տոննայի փոխարեն:

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով արտահանման ծավալն այս տարի սպասվում է օրական 660 հազար բարել, հիմնական արտահանողներն են SOCAR-ը, BP-ն, MOL-ը, Exxon-ը, TPAO-ն։