Վերին Լարսում 12 նոր գոտիներ են բացվել. Հերթեր չե՞ն լինի

Վերին Լարսում 12  նոր գոտիներ են բացվել. Հերթեր չե՞ն լինի

Ռուսաստանի Դաշնության պետական ​​սահմանով «Վերին Լարս» ավտոմոբիլային անցակետի թողունակությունը մեծացնելու և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի տարանցիկ ներուժն ուժեղացնելու նպատակով Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը և «Ռոսգրանստրոյ» դաշնային պետական ​​հիմնարկը իրականացնում են վերակառուցման նախագիծ: Շինմոնտաժային աշխատանքներն ընթանում են 2021 թվականից։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը։

Նախարարությունից հայտնել են, որ մշակվել են եզակի լուծումներ: 2022 թվականի հուլիսին կազմակերպվել է երթևեկության գործարկում Ռուսաստանից 12 նոր ելքի գծերով։ Այս միջոցը հնարավորություն է տվել վերացնել տոնական սեզոնին Վրաստան մեկնող մեքենաների հերթերը։

Սա մեծ նշանակություն ունի, քանի որ Վերին Լարսը Վրաստանի հետ սահմանի միակ անցակետն է։ Ընթացիկ տարվա հուլիսին մեքենաների համար 12, իսկ նոյեմբերին՝ եւս 12 երթևեկության գոտիների գործարկումը մեծացրել է սահմանային անցակետի ընդհանուր թողունակությունը ինչպես մարդատար, այնպես էլ բեռնատար մեքենաների համար։ Մինչեւ տարեվերջ նախատեսվում է երթեւեկության եւս 2 գոտի ստեղծել բեռնատարների համար։ Երթևեկության գծերի ընդհանուր թիվը կաճի՝ հասնելով 39-ի։

Նշվում է, որ ներկայումս ընթանում են շինաշխատանքներ։ Աշխատանքներում ներգրավված է 158 մարդ և 20 միավոր շինարարական տեխնիկա։ Հիմնական շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2022 թվականի վերջին, իսկ սահմանային անցակետն ամբողջությամբ կվերակառուցվի 2023 թվականին։