Դեկտեմբերի 7 -ին լրացավ Հայաստանի Սպիտակ քաղաքում ավերիչ երկրաշարժի 34 -րդ տարելիցը:
Անմեղ զոհերի հիշատակը հարգելու համար Նինոծմինդա քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվեց պատարագ:
Պատարագից հետո բնակիչները եւ տեղական իշխանության ներկայացուցիչները ուղևորվեցին դեպի Հայոս-Քարթլոս զբոսայգի, որտեղ երկրաշարժի զոհերին նվիված հուշարձանի մոտ ծաղիկներ խոնարհեցին:
Երկրաշարժի զոհերի հուշարձանի մոտ ասմունքով հանդես եկան դպրոցական երեխաներ:
Նինոծմինդայի քաղաքապետարանի սպորտի, մշակույթի և տուրիզմի, զարգացման բաժնի պետ Լևոն Վարդանյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «1988 թվականի Սպիտակի երկրաշարժի հետեւանքով մենք բոլորս էլ կորցրել ենք ինչ -որ մեկին լինի դա ընկեր, բարեկամ եւ թե համագյուղացի»:
Մանրամասները՝ աուդիոձայանգրությունում.
Սպիտակի երկրաշարժ, տեղի է ունեցել Հայաստանի հյուսիսարևմտյան մասում 1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:41-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակում, ցնցումների ուժգնությունը հասել է մինչև 9-10 բալ (ըստ MSK-64 12 բալանոց սանդղակի)։ Ստորգետնյա հզոր ցնցումների հետևանքով կես րոպեում ավերվել է հանրապետության գրեթե ողջ հյուսիսային հատվածը, որտեղ ապրում էր շուրջ 1 մլն մարդ։ Ստորգետնյա ցնցումներն զգացվել են Երևանում և Թբիլիսիում։ Երկրաշարժի արդյունքում լիովին ավերվել են Սպիտակ քաղաքն ու 58 գյուղ, մասամբ ավերվել են Լենինական (ներկայում՝ Գյումրի), Ստեփանավան, Կիրովական (ներկայում՝ Վանաձոր) քաղաքներն ու ավելի քան 300 բնակավայրեր։ Զոհվել է 25 հազարից ավելի մարդ, փլատակներից հանվել է կենդանի 45000 մարդ, հոսպիտալացվել է 12500 մարդ: Աղետի գոտուց տարահանվել է 120 հազար մարդ (կանայք‚ ծերեր և երեխաներ)‚ որոնցից 75 հազարը՝ Հայաստանից դուրս, ԽՍՀՄ առողջարաններ։