Գլխավոր լուսանկարը NOR -ի արխիվից.
Ի պատասխան Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի, խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումների՝ Եվրամիությունն ընդունել է պատժամիջոցների իններորդ փաթեթը, ասվում է կազմակերպության տարածած պաշտոնական հայտարարության մեջ։
Պատժամիջոցների հերթական փաթեթը նոր արտահանման վերահսկողություն և սահմանափակումներ է սահմանում Ռուսաստանի նկատմամբ։ Այսօրվա որոշմամբ Եվրամիությունը ընդլայնելու է արտահանման արգելքը ավիացիոն և տիեզերական արդյունաբերության հետ կապված ապրանքների և տեխնոլոգիաների վրա։ Սա նշանակում է, որ այսուհետ արգելվում է անօդաչու թռչող սարքերի շարժիչների ուղղակի արտահանումը Ռուսաստան և ցանկացած երրորդ երկիր, որը կարող է դրանք մատակարարել Ռուսաստան։
Բացի այդ, պատժամիջոցներն ընդգրկում են նաև Ռուսաստանի բանկային և էներգետիկ ոլորտները։ Սահմանափակումներ են գործում նաև խորհրդատվական ծառայությունների համար։ Մասնավորապես, այսօրվա որոշմամբ Ռուսաստանի Դաշնությանն արգելվում է տրամադրել ԵՄ գովազդի, շուկայի ուսումնասիրության և կարծիքի հարցումների ծառայություններ, ինչպես նաև ապրանքների թեստավորման և տեխնիկական զննման ծառայություններ։
Բացի այդ, ԵՄ քաղաքացիներին արգելվում է որևէ պաշտոն զբաղեցնել Ռուսաստանի պետական կամ վերահսկվող իրավաբանական անձի, կառույցի կամ գործակալության ղեկավար մարմիններում:
Տնտեսական պատժամիջոցներին զուգահեռ պատժամիջոցներ են սահմանվել նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ։
Հայտարարության համաձայն՝ պատժամիջոցները նպատակ ունեն մեծացնել ճնշումը Ռուսաստանի և Ռուսաստանի կառավարության վրա։ 1tv.ge