Եղանակային վատ պայմանները չեն խաթարում օդանավակայանների աշխատանքը

Եղանակային վատ պայմանները չեն խաթարում օդանավակայանների աշխատանքը

Թբիլիսիի, Քութայիսիի և Բաթումիի միջազգային օդանավակայանները, չնայած եղանակային վատ պայմաններին, աշխատում են անխափան, բոլոր կանոնավոր չվերթներն ավարտված են, այս մասին հայտնում են օդանավակայանների մամուլի ծառայությունից։

Ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով Թբիլիսիի կենտրոնական հատվածը օդանավակայանի հետ կապող Կախեթի մայրուղիով օրվա տարբեր հատվածներում դժվարացել է ավտոմեքենաների երթևեկությունը, սակայն, չնայած դրան, բոլոր նախատեսված չվերթներն իրականացվել են։

«Չնայած Արևմտյան Վրաստանի ծանր օդերևութաբանական պայմաններին, Քութայիսիի միջազգային օդանավակայանը ևս կարողացավ ընդունել և իրականացնել բոլոր կանոնավոր չվերթները։

Օդանավակայանն արձագանքում է սպասասրահներում ցրտից առաջացած անհարմարության մասին ուղևորների բողոքներին, պատճառը՝ վատ եղանակի հետևանքով էլեկտրահաղորդման գծերի վնասումն է։

Պատճառված անհանգստության համար հայցում ենք ուղևորների ներողամտությունը»,- գրված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Վրաստանում վերջին մի քանի օրերին եղանակը վատ է։ Ձյան, ցրտահարության և սառույցի պատճառով, առանց հատուկ անվադողերի և ճանապարհներին տեխնիկական աղի լցման, վարորդները դժվարանում են երթևեկել։