Վախթանգ Կիկաբիձեի հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 19-ին՝ Թբիլիսիում

Վախթանգ Կիկաբիձեի հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 19-ին՝ Թբիլիսիում

Հինգշաբթի՝ հունվարի 19-ին, Թբիլիսիում տեղի կունենա վրացի մեծ դերասան և երգիչ Վախթանգ Կիկաբիձեի հուղարկավորությունը։ Նրան ըստ իր կտակի կթաղեն հին Վերայի գերեզմանատանը, մոր կողքին։

Նախնական տվյալներով՝ մինչ այդ՝ հունվարի 17-ին և 18-ին, հոգեհանգստյան արարողություն կկատարվի Քաշվեթիի տաճարում՝ Ռուսթավելի պողոտայում։ Հունվարի 19-ի առավոտյան աճյունը կտեղափոխվի Մեծ համերգային դահլիճ (ֆիլհարմոնիա), որտեղ տեղի կունենա վերջին հրաժեշտի արարողությունը։

Վրաստանի կառավարությունը դեռ չի հայտարարել հուղարկավորությունների կազմակերպման պետական ​​հանձնաժողովի ստեղծման մասին, ինչպես սովորաբար արվում է Վրաստանի հայտնի քաղաքացիների մահվան դեպքում։
Վախթանգ Կիկաբիձեն բանտարկված երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ընկերն էր և վերջին խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» կուսակցական ցուցակի առաջին համարը։

Պաշտոնյաները՝ վարչապետը, խորհրդարանի նախագահը և Թբիլիսիի քաղաքապետը զսպվածությամբ ցավակցություն են հայտնել՝ կենտրոնանալով Կիկաբիձեի աշխատանքի վրա և որևէ կերպ չնշելով նրա քաղաքական դիրքորոշումը։