Վրաց-հայկական սահմանը հնարավոր է հատել ID քարտով

Վրաց-հայկական սահմանը հնարավոր է հատել ID քարտով

Այսօրվանից՝ հուլիսի 12-ից, հնարավոր է դարձել վրաց-հայկական սահմանը հատել նույնականացման քարտով (ID): ID քարտով սահմանը հատել հնարավոր է և՛ Վրաստանի, և՛ Հայաստանի քաղաքացիների համար: aliq.ge

Վրաց-հայկական «Սադախլո-Բագրատաշեն» մաքսակետը ID քարտով հատած Վրաստանի քաղաքացի Արամայիս Սիրադեղյանն «Ալիք Մեդիա»-ին պատմել է սահմանը հատելու գործընթացի մասին:

Ըստ Սիրադեղյանի՝ սահմանը հատելիս վրացական կողմի մաքսային ծառայողները հայտնել են, որ ID քարտի առկայության դեպքում հնարավոր է հատել սահմանը: Նրա խոսքով, ID քարտով թե՛ վրացական, թե՛ հայկական սահմանը հատել է անարգել:

«Սահմանը հատելիս մաքսային ծառայողները հայտնեցին՝ եթե ID քարտ ունեմ, ապա կարող եմ դրանով հատել սահմանը: Վերցրին ID քարտս և երկրաչափական անձնագրի սկանավորման սարքի նման սարքով երկու կողմից էլ սկանավորեցին ID քարտը, որից հետո հանձնեցին ինձ, ու կարողացա անխափան հատել սահմանը»,- պատմեց Սիրադեղյանը:

«Ալիք Մեդիա»-ի մեկ այլ աղբյուրի հաղորդմամբ՝ սահմանը հատել կարողացել են նաև հայկական ID քարտով:

Ի դեպ, հուլիսի 7-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որտեղ նշված է. «2023 թ. հունվարի 12-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2023 թ. հուլիսի 1-ից»:

Ըստ ՀՀ արտգործնախարարության հայտարարության՝ ՀՀ քաղաքացիների համար Վրաստանի տարածք մուտք գործելու, գտնվելու, տարանցիկ երթևեկելու և այնտեղից դուրս գալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը հետևյալն է.

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր, կամ
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտ (տվյալների էլեկտրոնային կրիչ պարունակող)՝ միայն երկու Կողմերի տարածքների միջև ճամփորդելիս, այդ թվում՝ ուղիղ թռիչքներից օգտվելու դեպքում: Քաղաքացին կարող է ճամփորդել նույնականացման քարտով, եթե Հայաստանի Հանրապետության սահմանային անցակետը հատելիս Հայաստանի Հանրապետության համապատասխան էլեկտրոնային շտեմարանում երևում է, որ վերջինս ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու վավեր անձնագիր՝ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում օտարերկրյա պետությունում վավերականության ժամկետի նշումով:
  • Հայաստանի Հանրապետություն վերադառնալու համար անհրաժեշտ ճամփորդական փաստաթուղթ (միայն Հայաստանի Հանրապետություն վերադառնալու համար)։