Ախալքալաքի կարտոֆիլի ցողունները չորանում են

Ախալքալաքի կարտոֆիլի ցողունները չորանում են

ֆոտոն Nor-ի արխիվից

Ախալքալաքի մունիցիպալիտետում, այս տարի, շատ ֆերմերներ արդեն նկատել են, որ դաշտերում կարտոֆիլի ցողունները չորանում են։ Մասնագետներն ասում են, որ ջերմաստիճանի կտրուկ տատանման պատճառով դաշտերում տարածվել է սնկային ֆիտոֆտորա հիվանդությունը, սակայն ավելացնում են, որ ճշգրիտ ախտորոշման համար անհրաժեշտ է լաբորատորիա։ jnews.ge

Այս տարի, Ախալքալաքի մունիցիպալիտետում, գարնան ու ամռան անձրևոտ եղանակները, ըստ մասնագետների, հանգեցրեցին կարտոֆիլի մոտ զանգվածային սնկային ֆիտոֆտորա հիվանդության առաջացմանը։ Ջերմաստիճանի կտրուկ անկումը հանգեցրեց բույսերի սնկային հիվանդության զարգացմանը։ Ֆերմերների կարծիքով, նպաստել է նաև այն, որ հողը հոգնել է տարբեր ու մշտական ​​քիմիական նյութերից, պարարտանյութերից, ու հիվանդությունների նկատմամբ ավելի զգայուն է դառել։

Կարտոֆիլի ֆիտոֆտորա հիվանդությունը վերջին տարիներին հաճախակի է լինում, այն նկատվել է նաև անցյալ տարի, սակայն այս տարի հիվանդությունը սրվել և ավելի է տարածվել։ Ֆիտոֆտորիայի բուժումը հնարավոր է, բայց կախված է ֆերմերների ֆինանսական հնարավորություններից:

Գոգաշեն գյուղից Նաթենաձե Խվիչան 1 հա կարտոֆիլ է ցանել։ Նրա կարտոֆիլը հիվանդացել է ֆիտոֆտորիայով, տերևներն ու ցողունները դեղնել են։ Նրա խոսքով, մունիցիպալիտետում այս հիվանդությունը նորություն չէ, սակայն այս տարի այն ավելի շատացել է։

«Հավելյալ դեղեր են պետք, ժամանակավորապես օգնում են։ Դեղորայքը պետք է տալ 10 օրը մեկ, բայց թանկ են, կարտոֆիլը մեր վրա թանկ է նստում։ Իսկ շուկայում այն ​​շատ էժան է, պետք չէ այդքան շատ ծախսել կարտոֆիլի վրա։ Հիվանդությունը Խոնավությունից է»,- ասում է Նաթենաձե Խվիչան։

Կումուրդո (Գումբուրդո) գյուղից Եղիշե Գեւորգյանի կարտոֆիլի ցանքատարածությունները նույնպես վարակված են ֆիտոֆտորիայով։ Նա ցանել է 4,5 հա կարտոֆիլ։

«Այս տարի վարակն ավելի շատ է, 200 լարիի դեղեր եմ գնել, հիվանդությունը քո հնարավորություններին չի նայում։ Ցանել ենք, պիտի վերամշակենք»,- ասում է Եղիշե Գեւորգյանը։

Խուլգումո գյուղից Հռիփսիմե Լևանյանը 40 հար կարտոֆիլ է ցանել։

«Դեղեր ենք գնել, սրսկելու ենք»,- ասում է Հռիփսիմե Լևանյանը։

Դիլիսկա գյուղից Վարազդատ Սալվարյանն ասում է, որ ամեն շաբաթ ցանքատարածությունները դեղորայքով է ցողում։

«Իհարկե, մշակումը կապված է ծախսերի հետ, բայց երբ կարտոֆիլ ես աճեցնում, արդեն պետք է ամեն ինչ ի նկատի ունենաս։ Այս տարի ցերեկը +20 աստիճան էր, երեկոյան +6 աստիճան, այս ջերմաստիճանը նպաստեց ֆիտոֆտորիայի զարգացմանը»,- ասում է Վարազդատ Սալվարյանը։

Գյուղատնտես, ֆերմեր Եղիշ Աղաջանյանն ասում է, որ գյուղատնտեսական տարին սկսվել է խոնավությամբ և անձրևով, ջերմաստիճանի տատանումներով, ինչն էլ առաջացրել է ֆիտոֆտորիայի զարգացում։

«Ֆիտոֆտորան սունկ է, դեղերը ոմանց օգնում են, ոմանց՝ ոչ, հողը պետք է ճիշտ մշակել: Դեղերը 100 տոկոսանոց երաշխիք չեն, ես 3 անգամ դեղեր եմ սրսկել, բայց հիվանդությունը էլի կա։ Մեզ լաբորատորիա է պետք, առանց լաբորատորիայի հնարավոր չէ ճշգրիտ ախտորոշել։ Բուժում ենք մոտավորապես, գիտենք, որ ֆիտոֆտորան առաջանում է ավելորդ խոնավությունից, բայց կա ալտերնարիոզ՝ ռիզոկտոնիոզ, որը նույնպես խոնավությունից է զարգանում։ Որոշները սկսում են փչանալ տերևներից, որոշները՝ արմատից, պատահական դեղամիջոցներ ենք օգտագործում, կարդում ենք հրահանգները և օգտագործում, ճշգրիտ որոշման համար լաբորատորիա է պետք»,- ասում է Եղիշե Աղաջանյանը։

Ֆիտոֆտորան առավել տարածված, վտանգավոր հիվանդություն է: Այն բնութագրվում է սրընթաց ընթացքով, արագ տարածմամբ, վարակված բույսերի մահացության բարձր տոկոսով։

Վարակման պատճառը սնկային միկրոօրգանիզմներն են, որոնց սպորները բարենպաստ պայմաններում արագ տարածվում են տեղանքով մեկ։ Սնկերի վտանգը նրա բարձր կենսունակության մեջ է։ Սպորներն ամենուր են ամառանոցում, հողի, շենքերի, այգեգործական մշակաբույսերի վրա: Նրանք կարող են քնած մնալ մի քանի տարի: