Wolt-ի և Glovo-ի դեմ հետաքննություն է սկսվել

Wolt-ի և Glovo-ի դեմ հետաքննություն է սկսվել

Վրաստանի մրցակցության և սպառողների պաշտպանության գործակալությունը (GCCA) առցանց սննդի առաքման հարթակների շուկայում հետաքննություն է սկսել։ Հետաքննությունը սկսվել է Delivery Technology Georgia LLC-ի ներկայացրած բողոքի հիման վրա։

Գործակալության հաղորդմամբ՝ բողոքը վերաբերում է Wolt-ի և Glovo-ի ենթադրյալ գործողություններին, որոնք, բողոքաբերի գնահատմամբ, կարող են սահմանափակել մրցակցությունը և դժվարացնել այլ ընկերությունների մուտքն ու գործունեությունը շուկայում։

Բողոքաբերի պնդմամբ՝ Wolt-ը և Glovo-ն որոշ ռեստորանների ու սննդի կետերի հետ կնքել են պայմանագրեր, որոնք սահմանափակում են նրանց համագործակցությունը այլ առցանց հարթակների հետ։ Ըստ բողոքողի՝ նման պայմանները կարող են խոչընդոտել նոր հարթակների մուտքը շուկա և ազդել մրցակցային միջավայրի վրա։

Բողոքաբերը նշված գործողությունները դիտարկում է որպես Վրաստանի «Մրցակցության մասին» օրենքի 6-րդ հոդվածի հնարավոր խախտում։

GCCA-ն հետաքննության շրջանակում կուսումնասիրի այս հանգամանքները և կգնահատի՝ արդյոք խախտվել են օրենքի պահանջները։

Գործակալության տվյալներով՝ ներկայումս GCCA-ն հետաքննություն է իրականացնում չորս հարցի վերաբերյալ։