Գույքահարկ կվճարեն 100 հազար լարիից ավելի եկամուտ ունեցողները

Գույքահարկ կվճարեն 100 հազար լարիից ավելի եկամուտ ունեցողները

Վրաստանի խորհրդարանում նախաձեռնվել է նախագիծ, որի համաձայն՝ գույքահարկ կվճարեն 100 հազար լարիից ավելի եկամուտ ունեցող քաղաքացիները։

Հարկային օրենսգրքում փոփոխություններն արդեն ներկայացվել են բյուրոյին, և խորհրդարանը դրանք կքննարկի արագացված կարգով։

«Նախագիծը վերաբերում է գույքահարկի 40 հազար լարիի շեմի չեղարկմանը և միայն 100 հազար լարիի շեմի պահպանմանը», — բյուրոյի նիստում ասել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Այսօր գործող կարգավորման համաձայն՝ մինչև 40 հազար լարի եկամուտ ունեցող ընտանիքներն ազատված են գույքահարկից։ 40 հազարից մինչև 100 հազար լարի եկամուտ ունեցող ընտանիքների համար հարկի դրույքաչափը տատանվում է 0․05%-ից 0․2%-ի սահմաններում, իսկ 100 հազար  լարիից ավելի եկամուտ ունեցող ընտանիքների համար՝ 0․08%-ից 1%-ի սահմաններում։ Խորհրդարան ներկայացված օրինագծի համաձայն՝ 40 հազար լարիի եկամտի շեմը չեղարկվում է և սահմանվում է 100 հազար լարիի շեմ։ Օրենքի նախագիծը նախաձեռնել են «Վրացական երազանք»-ի պատգամավորները։