Քանի մարդ է անհետ կորել Վրաստանում տարեսկզբից. նոր տվյալներ

Քանի մարդ է անհետ կորել Վրաստանում տարեսկզբից. նոր տվյալներ

2023 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Վրաստանում անհայտ կորած է համարվում 1006 մարդ, որոնցից 28-ը անհետացել են հունվարի 1-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում, ասվում է Վրաստանի ՆԳՆ կայքում տեղադրված նյութերում։

Բոլոր անհայտ կորածների հիմնական մասը, որոնց մասին հաշվառում է Վրաստանի ՆԳՆ-ն 1973 թվականի հունվարի 1-ից մինչ օրս, տղամարդիկ են։ Միաժամանակ Վրաստանում շարունակվում է 32 անչափահասի որոնումը։

Ինչ վերաբերում է 2023 թվականի առաջին վեց ամիսների տվյալներին, ապա տարեսկզբից Վրաստանում անհետացել է ընդհանուր առմամբ 74 մարդ, հայտնաբերվել է ընդամենը 39-ը, միաժամանակ յոթ մարդ մահացած է հայտնաբերվել։ Մնացած 28 հոգին, որոնցից երկուսը անչափահաս են, դեռևս անհայտ կորածի կարգավիճակ ունեն։

Ամենաշատ անհետ կորածները Թբիլիսիում են, Իմերեթիի ու Շիդա Քարթլիի շրջաններում։

Երկրում անհետ կորածների մեծ մասը Վրաստանի քաղաքացիներ են։ 2023 թվականի հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում ինը օտարերկրացի անհետացել է, նրանցից հինգին ողջ են գտել, չորսի որոնումները շարունակվում են։