Apple-ը պաշտոնապես հաստատել է, թե երբ կլինի iPhone 15-ի և մյուս սարքերի շնորհանդեսը

Apple-ը պաշտոնապես հաստատել է, թե երբ կլինի iPhone 15-ի և մյուս սարքերի շնորհանդեսը

iPhone 15-ի, Apple-ի խելացի ժամացույցների և այլ նոր ապրանքների ամենամյա աշնանային շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին, այս մասին ասվում է ընկերության կայքում տեղադրված հաղորդագրությունում։ Միջոցառումը կսկսվի Երևանի ժամանակով 22:00-ին։ Ինչպես և անցյալ տարի, այն տեղի կունենա Սթիվ Ջոբսի անվան թատրոնում՝ Կուպերտինոյում գտնվող Apple Park կամպուսում (Կալիֆոռնիա, ԱՄՆ): Շնորհանդեսը կանցկացվի Wonderlust կարգախոսի ներքո, որն անգլերենից թարգմանվում է որպես «հրաշքների ծարավ»:

Reuters-ի հետ զրույցում վերլուծաբաններն ասել են, որ Apple-ը կփորձի գրավել գնորդներին իր առաջատար սարքի մի շարք նոր հնարավորություններով, քանի որ iPhone 15-ի վաճառքն սկսվում է ողջ աշխարհում սմարթֆոնների պահանջարկի անկման ֆոնին: Գործակալության տվյալներով՝ այս տարվա երրորդ եռամսյակում iPhone-ի վաճառքը նվազել է 2,4%-ով, ինչը «կտրուկ անկում է այն արտադրանքի համար, որը երկար տարիներ նպաստել է ընկերության աճին»:

Օգոստոսի սկզբին 9to5Mac-ը հայտնել էր, որ նոր iPhone 15 սմարթֆոնների և մյուս սարքերի շնորհանդեսը նախապես կձայնագրվի և կհեռարձակվի սեպտեմբերի 12-ին։ Նոր սարքերը, ըստ կայքի, վաճառքի կհանվեն սեպտեմբերի 22-ին, իսկ նախապատվեր հնարավոր կլինի անել արդեն սեպտեմբերի 15-ին։

tech.news-ի փոխանցմամբ՝ ենթադրվում է, որ iPhone 15 շարքի բոլոր սմարթֆոնները կունենան էկրանի Dynamic Island կոչվող բացվածքը, ինչը iPhone 14-ի դեպքում հասանելի էր միայն ավելի թանկ տարբերակների դեպքում։ Ըստ ինսայդերների՝ այս քայլը պայմանավորված է Apple-ի՝ վաճառքներն ավելացնելու ցանկությամբ, քանի որ ստանդարտ iPhone 14 մոդելների պահանջարկն այնքան էլ մեծ չէր։

Ինչպես և սպասվում էր, iPhone 15-ի բազային մոդելների գները կմնան նույն մակարդակին, ինչ 14-րդ շարքի դեպքում․ դրանք կսկսեն 799 դոլարից։ Միաժամանակ, ինչպես հայտնում է Bloomberg-ը, Apple-ը քննարկում է Pro տարբերակների գնի բարձրացման հնարավորությունը, քանի որ դրանք մեծ տարածում ունեն, նաև ամերիկյան ընկերությունը ցանկանում է ավելացնել իր եկամուտները։

Բրիտանական Barclays բանկի վերլուծաբան Թիմ Լոնգը ենթադրում է, որ սերնդափոխությունից հետո Pro տարբերակը կթանկանա 100 դոլարով, իսկ առաջատար Pro Max (Ultra) տարբերակը կարժենա 100-200 դոլարով ավելի, քան իր նախորդը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ iPhone 15-ի շնորհանդեսից հետո iPhone 14 Pro-ն և Pro Max-ը կհանվեն արտադրությունից, մյուս հեռախոսների գները կիջեցվեն։