Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ժդանովական գյուղից դեպի Սամեբա տանող մոտ 4կմ երկարությամբ ճանապարհով գրեթե անհնար է երթևեկել՝ ճանապարհը ծածկված է խորը փոսերով, ինչի պատճառով ավտոմեքենաները շարքից դուրս են գալիս։
2023 թվականի ապրիլ ամսվա տվյալներով NOR ռադիոկայանին Նինոծմինդայի ենթակառուցվածքների ծառայությունից հայտնել էին, որ Ժդանովական – Սամեբա տանող 4 կմ 100մ երկարությամբ ճանապարհի ասֆալտապատման համար նախագիծը կազմված է եւ գումարը կազմել է 2 400 000 լարի, սակայն ֆինանսավորում դեռեւս չկա, կախված է Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի ֆինանսավորումից, որը այս պահին գտնվում է սպասողական վիճակում:
Սամեբայի բնակիչները նորից իրենց դժգոհությունը հայտնեցին ճանապարհների վատ վիճակի վերաբերյալ:
Բնակիչներից մեկը NOR -ի հետ զրույցում ասաց. «Ասում են թե Սպասովկայի ճանապարհի ասֆալտապատումը պետք է ավարտեն, որից հետո նոր հերթը մեր գյուղին կհասնի: Գարունը ասացին, որ պետք է խճապատեն եւ հարթեցնեն ճանապարհը, բայց մինչեւ օրս ոչ մի աշխատանք չի տարվել: Ճանապարհի վատ վիճակի պատճառով 30 րոպե պահանջվում է Սամեբայից մինչեւ Ժդանովական հասնելու համար»։
Մանրամասները՝ ձայնագրությունում.
Նինոծմինդայի ենթակառուցվածքների ծառայությունից նախկինում տեղեկացրել էին, որ վերոնշյալ ճանապարհների վատ վիճակի պատճառով նախատեսվում է հարթեցման աշխատանքներ իրականացնել, որը պետք է կատարի «Արալ» ընկերությունը։
Ոչ հարթեցում, ոչ էլ ասֆալտապատում՝ ճանապարհը դարձյալ մնում է անմխիթար, իսկ բնակիչները դժգոհ: (խմբագիր)
Այս եւ այլ հարցերի շուրջ մենք նորից դիմեցինք Նինոծմինդայի քաղաքապետարան ենթակառուցվածքների ծառայություն որտեղից պատասխանեցին, որ հստակ տեղեկություն չունեն կապված վերոնշյալ ճանապարհի հարթեցման աշխատանքների հետ, որը պետք է իրականացնի «Արալ» ընկերությունը: Ամեն ինչ դեռեւս սպասողական վիճակում է, այդ թվում ասֆալտապատման ֆինանսավորումը:
«Առաջնահերթ խնդիրներից մեկը հանդիսանում է Սամեբա եւ Տամբովկա տանող ճանապարհները, որոնց նախագծերը արդեն կազմված են: Սակայն այս տարի հստակ կարող եմ ասել, որ ասֆալտապատում չի նախատեսվում: Իսկ ինչ վերաբերվում է Սամեբայի ճանապարհի հարթեցման աշխատանքին, լսել եմ միայն խոսակցություններ ուրիշ տեղեկություն չունեմ»,- մեզ հետ հեռախոսազրույցում նշեց Գորելովկայի գյուղական համայնքի ներկայացուցիչ՝ Մնացական Բաբաջանյանը:
NOR ռադիոկայանը ընթացքում կլինի հետեւեողական եւ պարբերաբար կտեղեկացնի զարգացող իրադարձությունների մասին:
Կարդացեք նաեւ՝