Ռուսներն Ամանորը Վրաստանում են նախընտրում անցկացնել

Ռուսներն Ամանորը Վրաստանում են նախընտրում անցկացնել

Վրաստանը Ռուսաստանի քաղաքացիների համար ամենահայտնի արտասահմանյան ուղղություններից է, տուրերը սպառված են գրեթե մինչև դեկտեմբերի վերջ, ներառյալ ամանորյա տոները, գրում է RadioTavisupleba-ն՝ վկայակոչելով՝ FUN&SUN-ի տուրօպերատորի մամուլի ծառայությանը:

Ըստ տեղեկության՝ ՌԴ-ից Վրաստան փաթեթային տուրերի նկատելի աճ է նկատվում:

«Ավելին՝ ամռանը պահանջված էր թե՛ Բաթումիի ուղղությունը, թե՛ էքսկուրսիոն տուրերը Թբիլիսիում։ Այժմ պահանջարկն անցել է էքսկուրսիոն ծրագրերին։ Վաճառքը հասնում է դեկտեմբերի վերջ, արդեն ակտիվորեն ամրագրվում են ամանորյա տուրերը»,- ասել է ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Օլգա Իվանովան։

Նրա խոսքով, ամրագրված տուրերի միջին տևողությունը 4-6 օր է, իսկ առավելագույնը՝ երկու շաբաթ. «Մոսկվայից կանոնավոր չվերթներում ավիատոմսերի պակաս դեռ չկա, բայց դա կարող է առաջանալ Ամանորին մոտ»:

Ի դեպ, 2023 թվականի մայիսի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2 հրամանագիր արձակեց, որով մայիսի 15-ից չեղյալ համարեց Վրաստանի քաղաքացիների համար 2000 թվականից գործող վիզային ռեժիմը և չեղարկեց երկու երկրների միջև ուղիղ չվերթերի արգելքը, որը սահմանվել էր 2019 թվականից։ aliq.ge