5 հազար հրթիռ Իսրայելի ուղղությամբ, կորուստներ, գերիներ․ ի՞նչ է կատարվում Իսրայելում

5 հազար հրթիռ Իսրայելի ուղղությամբ, կորուստներ, գերիներ․ ի՞նչ է կատարվում Իսրայելում

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ «Համաս» շարժումը լուրջ սխալ է թույլ տվել՝ հանկարծակի հարձակվելով Իսրայելի վրա։

«Այս առավոտ «Համասը» (ահաբեկչական կազմակերպություն) ճակատագրական սխալ թույլ տվեց և պատերազմ սկսեց Իսրայել պետության դեմ: Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները կռվում են թշնամու դեմ բոլոր ներթափանցման վայրերում», – ասվում է Գալանտի գրասենյակի կողմից տրամադրված հայտարարության մեջ:

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է պահեստազորի զանգվածային հավաքի մասին՝ Գազայի հատվածից շարունակվող հրթիռակոծման և սահմանամերձ շրջաններ զինյալների ներթափանցման ֆոնին:

Իսրայելը բախումների ընթացքում կորցրել է վերահսկողությունը երկրի հարավային մասում գտնվող Սդերոտ քաղաքի ոստիկանական բաժանմունքի նկատմամբ, գրում Է Al Jazeera-ն: Տեղեկատվությունը փոխանցում է rbc.ru-ն:
 

Պաղեստինյան ՀԱՄԱՍ իսլամիստական շարժումը ռազմական գործողություն է սկսել Իսրայելի դեմ, որը ստացել է «Ալ-Աքսա փոթորիկ» անվանումը: Շարժման ռազմական թևի ղեկավար Մուհամեդ ադ-Դեյֆի պնդմամբ՝ առավոտից իսրայելական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 5 հազար հրթիռ և արկ:

ՀԱՄԱՍ-ը իսրայելական կողմին մեղադրում է Երուսաղեմի Տաճարի լեռան վրա գտնվող «Ալ-Աքսա մզկիթ բազմիցս ներխուժելու» մեջ: Ադ-Դեյֆը հայտարարել է, որ Իսրայելի մեղքով զոհվել և վիրավորվել են հարյուրավոր պաղեստինցիներ: Բացի այդ, ըստ նրա, Իսրայելը մերժել է գերիների փոխանակման առաջարկները:

Ադ-Դեյֆը կոչ է արել «իսլամական դիմադրությանը Լիբանանում, Իրաքում, Սիրիայում և Լիբանանում» աջակցել ՀԱՄԱՍ-ին: Ինչպես հաղորդում Է  Al Jazeera-ն, պաղեստինյան «Իսլամական ջիհադ» ռազմականացված շարժումից հայտարարել են, որ միանում են ՀԱՄԱՍ-ի գործողություններին: