Ռազմիկ Ղումաշյանի պատասխանը TI ուսումնասիրությանը

Ռազմիկ Ղումաշյանի պատասխանը TI ուսումնասիրությանը

Միջազգային Թափանցիկություն՝ Վրաստանը (TI) ուսումնասիրել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի տենդերները, որոնք շահել է Ռազմիկ Ղումաշյանը։
TI-ը Պետական ​​անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալությանը և գլխավոր դատախազությանը կոչ է արել ուսումնասիրել Ռազմիկ Ղումաշյանի մասնակցությամբ Նինոծմինդայի մունիցիպալիտետի պետական ​​գնումները և պարզել, թե արդյոք տեղի են ունեցել կոռուպցիոն գործարքներ։ Ինքը՝ Ռազմիկ Ղումաշյանը, պնդում է, որ առանց մրցակցության մրցույթներ չի շահել և քաղաքապետարանի հետ ուղղակի պայմանագրեր չի կնքել։

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Միջազգային Թափանցիկություն՝ Վրաստան
(TI) կազմակերպությունը հրապարակել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի պետական ​​գնումների վերլուծության զեկույցը՝ SJGC ընկերության նախկին տնօրեն Ռազմիկ Ղումաշյանի մասնակցությամբ։

Ռազմիկ Ղումաշյանը, ըստ TI հետազոտության, 2013-2023 թվականներին Նինոծմինդայի քաղաքապետարանի գնումներից ստացել է 2,840,710 լարի, որից 1,759,795 լարին (ստացված գումարի 61,9%-ը) ստացել է այլ մասնակիցների որակազրկմամբ՝ առանց մրցակցության կամ ուղղակի պայմանագրով։ TI-ը նշում է, որ Ղումաշյանը Նինոծմինդայի սակրեբուլոյի «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» խմբակցության փոխնախագահ Գարուշ Արզումանյանի մորեղբայրն է։ 2012-2021 թվականներին նա զբաղեցրել է նաև SJGC ընկերության տնօրենի պաշտոնը, որը կապվում է նախկին պատգամավոր Հենզել Մկոյանի ընտանիքի հետ (ընկերության բաժնետոմսերի 40%-ը պատկանում է Մկոյաններին), Ֆինանսների նախարարության քննչական ծառայության կողմից ընկերություն ստուգման նպատակով գալուց հետո, Ռազմիկ Ղումաշյանը լքել է ընկերությունը և 5000 լարիի հանգանակություն կատարել «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությանը 2021 թվականի օգոստոսին։

Ինքը՝ Ռազմիկ Գումաշյանը, տեղյակ չէր
TI-ի հետազոտություններից, սակայն պնդում է, որ բարեխղճորեն է շահում տենդերները և աշխատանքներ կատարում, և նույնիսկ հաճախ մրցութային աշխատանքները կատարել է ի վնաս իրեն։

«Ո՞ւմ պատվերն են նրանք կատարում: Ես միշտ իմ գին եմ առաջարկել ու շահել, ուղղակի պայմանագրով գործ չեմ արել, երրորդ՝ իմ քրոջ տղան ի՞նչ կապ ունի, քաղաքապետարանն է տենդերներն անում, իսկ իմ քրոջ որդին ուղղակի պատգամավոր է, բացի այդ՝ հանգանակություն չեմ կատարել որևէ մեկին»,- ասում է Ռազմիկ Ղումաշյանը։

Jnews-ը ստուգել է, ըստ Վրաստանի Հակակոռուպցիոն բյուրոյի կողմից հրապարակված կուսակցություններին հանգանակությունների վերաբերյալ տվյալների, արդյոք դոնորների տվյալների բազայում կա ֆիզիկական անձ Ռազմիկ Ղումաշյանը, որը 5000 լարի է փոխանցել «Վրացական երազանք»-ի հաշվեհամարին։ Jnews-ի հարցին՝ դա այլ անձ է, թե՞ հենց ինքն է, Ռազմիկ Ղումաշյանը պատասխանել է, որ չգիտի, նվիրատվություն չի արել, և գուցե այդ գումարն իր անվան տակ է փոխանցվել, որպեսզի «գործ բացվի իմ դեմ»։ Իսկ հարցին, թե Բյուրոյի կայքում նշված անձնական տվյալները իր տվյալներն են, թե ոչ, նա ասաց, որ չգիտի և պարտավոր չէ պատասխանել։

TI ուսումնասիրության մասին նյութը կարող եք կարդալ այստեղ՝

TI-ը Հակակոռուպցիոն գործակալությանը կոչ է անում ուսումնասիրել Նինոծմինդայի պետգնումները