Ինչ քայլեր են ձեռնարկվում Նինոծմինդայի մայթերին մերկասառույցը կանխելու համար

Ինչ քայլեր են ձեռնարկվում Նինոծմինդայի մայթերին մերկասառույցը կանխելու համար

Նինոծմինդա քաղաքի կենտրոնական փողոցի մայթերին ձյան տեղումներից և սաստիկ սառնամանիքներից հետո մերկասառույց է պատել, ինչը խնդիր է ստեղծում հետիոտների համար։ Հետիոտները մայթերով քայլում են զգուշությամբ՝ վախենալով ընկնելուց և կոտրվելուց։

Ընկնելուց խուսափելու համար հետիոտները երբեմն ստիպված են լինում քայլել ճանապարհի կենտրոնով, որտեղից մեքենաներ են գալիս: Բնակիչներն ասում են, որ դա վտանգավոր է հատկապես այն երեխաների համար, ովքեր ամեն օր գնում են դպրոց և մանկապարտեզ։

Նշենք, որ մերկասառույցը ծածկում է հիմնականում մայթեզրի հյուսիսային հատվածը, որտեղ արևի ճառագայթները չեն ընկնում։ Եվ հետեւաբար, այս հատվածում միշտ սառույց է գոյանում։

Նինոծմինդայի մունիցիպալիտետի կոմունալ ծառայության ղեկավար Անդրանիկ Բդոյանի խոսքով, որտեղ հնարավոր է եղել մայթերը մաքրել ձյունից, իրենք մաքրել են դրանք՝ օգտագործելով համապատասխան տեխնիկա։ Ինչ վերաբերում է մայթերը ավազով կամ աղով մշակելուն, ապա այս ուղղությամբ աշխատում են։ Աղ ու ավազ ձեռք բերելու համար կխորհրդակցեն քաղաքապետարանի հետ, որից հետո մայթերը հնարավորինս արագ կմշակվեն։

Անդրանիկ Բդոյանը նշեց, որ արվում է հնարավորը, որպեսզի կենտրոնական փողոցների մայթերը մաքրվեն ձյունից։ «Մենք մաքրում ենք կենտրոնական փողոցների մայթերը, որտեղ շատ մարդիկ են շրջում: Ուղղակի խնդիրներ կան, այսպես կոչված, եվրոպական մայթերի հետ կապված, որոնք շատ նեղ են ու դժվար մաքրվող։ Մենք արդեն կապվել ենք քաղաքապետարանի հետ, որտեղից խոստացել են ձեռքով ձնամաքրման փոքր սարքավորումներ ձեռք բերել։ Օրերից մեկում մենք կստանանք այս մեխանիկական ռոտորը, և որտեղ նեղ է և անհնար է տրակտորով մաքրել, մաքրումը կիրականացվի հատուկ մեխանիկական սարքավորումների միջոցով»։

Բդոյանը նաև հավելեց, որ շատ բնակիչներ, որոնց խանութները գտնվում են գլխավոր փողոցում, չեն ցանկանում, որ իրենց մայթերը ավազով մշակվեն, քանի որ ավազն ու աղը կարող են աղտոտել խանութները։ Բայց չնայած դրան, որպեսզի բնակիչներն ապահով տեղաշարժվեն մայթերով, մայթերը մշակվում են ավազով և աղով։

Նինոծմինդայի կոմունալ ծառայության ղեկավար Անդրանիկ Բդոյանը մեզ հետ զրույցում պատմեց ձմեռային շրջանի դժվարությունների և մայթերի մաքրման ծրագրերի մասին։

Radio NOR · Какие шаги предпринимаются для предотвращения гололеда на тротуарах