2024 թվականի հունվարի 30-ին, Հեշտիայի գյուղական համայնքում «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ բնակիչների եւ Նինոծմինդայի քաղաքապետարանի ներկայացուցիչների միջեւ հանդիպումը։
Բնակիչների որոշմամբ, թե ինչ աշխատանքներ են տարվելու եւ ինչքան գումար է նախատեսվել դրանց իրականացման համար, ներկայացնում ենք ստորեւ:
Թորիայի բնակիչներից մեկի խոսքով. «Բնակիչների որոշմամբ այս տարի տրամադրվող 16 000 լարի գումարը կհատկացվի մանկական խաղահրապարակի կառուցման համար։ Չնայած նրան, որ գյուղական ծրագրի գումարը արդեն մի քանի տարի է տրամադրվում է գյուղում սպորտդահլիճի կառուցման համար, այնուամենայնիվ այն դեռևս շատ աշխատանք է պահանջում։ Այդ պատճառով ինչքան գիտենք այս տարի մոտ 280 000 լարի գումար տեղական բյուջեից պետք է փոխանցեն, որպեսզի կարողանանք այս տարի ավարտին հասցնել դահլիճի կառուցումը։ Թե որքանով է դա ճշգրիտ, ոչինչ ասել չենք կարող»։
Ուչմանայի բնակիչները իրենց դժգոհությունը հայտնեցին 2021 թվականին «Օգնություն գյուղին» ծրագրով հիմք դրված նոր սպորտդահլիճի կառուցման աշխատանքների վերաբերյալ։
«Արդեն 4 տարի է սպորտդահլիճ են կառուցում, բետոն են լցնում գումարը վերջանում է և այդ ամենը անարդյունք։ Այս տարի որոշեցինք արարողությունների տանը անցկացնել ջեռուցում։ Իսկ սպորտդահլիճի համար քաղաքապետարանի ներկայացուցիչները նշեցին, որ հնարավոր է տեղական բյուջեից տրամադրվի գումար կառուցման աշխատանքները շարունակելու համար»։
Այս հարցերի շուրջ զրուցեցինք նաև Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ՝ Եգոր Քոթոյանի հետ։
Մանրամասները՝ ձայնագրությունում․
Վերոնշյալ հարցերի համար դիմեցինք Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայություն ճշտելու համար, թե արդյոք այս տարի նախատեսվում է Թորիա և Ուչմանա գյուղերում շարունակել սպորտդահլիճների կառուցումը:
Ենթակառուցվածքների ծառայությունից պատասխանեցին, Թորիայի սպորտդահլիճի համար նախատեսված է 285 000 լարի գումար և այն ուղարկված է մրցույթի։ Իսկ ինչ վերաբերվում է Ուչմանա գյուղին, դեռևս ոչինչ նախատեսված չէ։
Կարդացեք նաև՝