Քնի պարալիզ. երբ մարդը քնած ժամանակ գիտակից է և զգում է, որ չի կարողանում շարժվել ու խոսել

Քնի պարալիզ. երբ մարդը քնած ժամանակ գիտակից է և զգում է, որ չի կարողանում շարժվել ու խոսել

Քնի պարալիզը վիճակ է, երբ քնելիս կամ արթանանալիս մարդը գիտակից է և զգում է, որ չի կարողանում շարժվել կամ խոսել։ Այսինքն՝ ուղեղն արդեն պատրաստ է արթնանալուն, սակայն մարմինը դեռևս քնած է, կամ էլ՝ մարմինն արդեն քնել է, իսկ ուղեղը՝ ոչ։

Հարկ է նշել, որ գիտնականների կարծիքները քնի պարալիզի մասին շատ են տարբերվում. ոմանք կարծում են, որ այն վտանգավոր է առողջության համար, մյուսները՝ ոչ։ Անխոս, քնի պարալիզի ժամանակ մեր ուղեղը պատկերում է արտասովոր, երբեմն նաև սարսափելի պատկերներ, որի պատճառով ծանրաբեռնվում է նյարդային համակարգը։ Դա հասկանալի է. չէ՞ որ մարդը վախեցած է լինում։
Մարդկանց մոտ 8%-ը կյանքում գոնե մեկ անգամ ունեցել են քնի պարալիզ։ Նման վիճակում մարդու գտնվելու ժամանակը կարող է տևել մի քանի վայրկյանից մինչև մի քանի րոպե։
Առաջին մարդը, որը նկարագրել է քնի պարալիզի վիճակը, Իսբրանդ վան Դիմերբրեքն էր։ Նրա հիվանդը 50-անց տարեց կին էր, որը առողջության հետ կապված ոչ մի խնդիր չուներ։

Քնի պարալիզի ժամնակ զգացողությունների մի քանի տեսակ են առանձնացնում։ Դրանցից մեկն ուղեկցվում է տեսողական հալուցինացիաներով, մյուսը՝ կրծքավանդակի շրջանում խիստ ճնշմամբ, երրորդը՝ քնած ժամանակ սավառնելու տպավորությամբ։

Գիտնականների համար բավականին բարդ է քնի պարալիզի իրական պատճառները պարզելը, քանի որ հենց իրենք՝ հիվանդներն անգամ չեն կարողանում նման վիճակը մանրամասնորեն բնութագրել։ Սակայն գիտնականները կարծում են, որ դա կարող է կապված լինել արագ քնի հետ, երբ ուղեղը շատ ակտիվ է, իսկ մյուսները քնի պարալիզի պատճառ են համարում ուղեղի ու մարմնի արթնանալու սինխրոն չլինելը։