Ի՞նչ կանոնների պետք է հետևեն Վրաստանի քաղաքացիները ԵՄ երկրներ մուտք գործելիս

Ի՞նչ կանոնների պետք է հետևեն Վրաստանի քաղաքացիները ԵՄ երկրներ մուտք գործելիս

Օգոստոսի 24-ին Նինոծմինդա քաղաքի “Pita” երիտասարդական կենտրոնը կազմակերպել էր ակցիա, որի շրջանակներում կենտրոնի ակտիվիստները բնակիչներին բաժանեցին ԵՄ երկրներ մեկնելու կանոնների վերաբերյալ թռուցիկներ:

Թռուցիկներում առկա էր ամբողջական տեղեկատվություն ԵՄ երկրներ մեկնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի, Շենգենի գոտի մուտք գործելիս մաքսակետում ստուգում անցնելու կանոնների մասին:

Ակցիան կազմակերպել էր Վրաստանում ՄԱԿ-ի ասոցիացիայի և ԱՄՆ միջազգային զարգացման ՛՛Հանդուրժողականություն, քաղաքացիական ինքնագիտակցություն և աջակցություն ինտեգրմանը՛՛ ծրագրի շրջանակներում:

Առանց վիզայի ռեժիմի պայմաններում 90-օրյա կարճաժամկետ այցի նպատակները կարող են տարբեր լինել՝ օրինակ, զբոսաշրջությունը, այցելություն ընտանիքի անդամներին, հարազատներին, բարեկամներին, ինչպես նաև գործնական հանդիպումները: Առանց վիզայի ռեժիմից կարող են օգտվել նաև նրանք, ովքեր մեկնում են կարճաժամկետ ուսումնական դասընթացների (օրինակ, լեզվի ուսումնասիրության 2-3-շաբաթյա դասընթացներ), կոնֆերանսների, թրեյնինգների մշակութային, գիտական և մարզական միջոցառումների, բուժծառայություններից օգտվելու (օրինակ՝ վիրահատություն):

Վիզային ազատականացումը չի վերաբերի աշխատանքային վիզաներին և երկարաժամկետ ուսումնական վիզաներին: Դրանք ստանալու համար Վրաստանի քաղաքացիները նախկինի պես պետք է դիմեն հյուպատոսարան:

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ: Առանց վիզայի ռեժիմից օգտվելու համար Վրաստանի քաղաքացուց սահմանին կենսաչափական անձնագրից (անձնագրի ժամկետը առնվազն 6 ամսից քիչ չպետք է լինի) զատ կարող են պահանջել ապահովագրություն, ֆինանսական ապահովվածության մասին փաստաթուղթ, հետադարձ տոմս և հյուրանոցի ամրագրում: Վերջինիս առկայության պարագայում օրական ֆինանսական ապահովվածության գումարը չի անցնում 50 եվրոն:

Վրաստանի քաղաքացին պետք է լքի շենգենյան գոտին 90-օրյա ժամկետը լրանալուց առաջ:

Առանց վիզայի ռեժիմը խախտողները ոչ միայն կվտարվեն Եվրոպայից, այլ նաև կտուգանվեն 3000 եվրոյի չափով և կզրկվեն 5 տարով Եվրոպա այցելելու իրավունքից:
Վրաստանի քաղաքացիները այցելության ընթացքում պետք է պահպանեն հյուրընկալ երկրի օրենսդրությունը, ինչպես նաև այդ երկրում գործող այլ օրենսդրության կանոնները:

Բորիս Ղարսլյան