Մեծ Խորենիա գյուղում խմելու ջրի փոխարեն ջրհորի ջուր են օգտագործում

Մեծ Խորենիա գյուղում խմելու ջրի փոխարեն ջրհորի ջուր են օգտագործում

Ախալքալաքի մունիցիպալիտետի Մեծ Խորենիա գյուղի բնակիչները խմելու ջուր չունեն և որպես խմելու ջուր է ծառայում ջրհորի ջուրը:

Այն բնակիչները, ովքեր չունեն հնարավորություն իրենց բակում ջրհոր փորելու, օգտվում են գյուղի միակ աղբյուրից:

Բնակիչ Ենովք Ֆիդանյանը մեզ հետ զրույցում նշեց.

«Մենք վաղուց փորել ենք հողը 8 մետր խորությամբ և ջուր ենք հայտնաբերել: Երկար ժամանակ է այդ ջրհորից էլեկտրական ջրամղիչ պոմպի օգնությամբ ջուր ենք հանում և օգտագործում խմելու և ամենօրյա կենցաղային կարիքները հոգալու համար:

Որոշ մարդիկ ասում են, որ այդ ջուրը հոսող ջուր չէ և պիտանի չէ խմելու հանար, սակայն շատերը հոգնել են ջուր կրելուց և այժմ գրեթե բոլորը իրենց բակերում ջրհոր են փորել»:

Գյուղի մեկ այլ բնակիչ Մանյա Գինոսյանի խոսքով` նախկինում ջուր ընդհանրապես չկար, ջուրը կրում էին ավանակների օգնությամբ, այժմ ջրհորի ջուր են օգտագործում: Վերջինս լրացուցիչ ծախս է, քանի որ էլեկտրական պոմպը բավականին էլեկտրաէներգիա է ծախսում, ինչի համար ամսեկան լրացուցիչ 25 լարի գումար են վճարում հոսանքի համար:

Բնակիչները հույսը չեն կորցնում, որ մունիցիպալիտետը ուշադրություն կդարձնի իրենց ջրի խնդրին: