Ատամնաբույժ Միքայել Կոբելյան․ ճանապարհ դեպի մասնագիտական կայացում

Ատամնաբույժ Միքայել Կոբելյան․ ճանապարհ դեպի մասնագիտական կայացում

Միքայել Կոբելյանի պատմությունը համառության, նպատակասլացության և մասնագիտության հանդեպ սիրո մասին է․ գյուղական միջավայրում ձևավորված արժեքներից մինչև բժշկության ոլորտում կայացած մասնագետ դառնալու ճանապարհը նա անցել է բազմաթիվ փորձությունների միջով՝ չկորցնելով իր նպատակը՝ մարդկանց ժպիտ պարգևել։

Միքայել Էդիկի Կոբելյանը ծնվել է 1999 թվականին Կուլիկամ գյուղում՝ գյուղական, աշխատասեր ընտանիքում։ Նրա մանկությունն անցել է հարազատ միջավայրում, որտեղ ձևավորվել են արժեքներ, որոնք հետագայում ուղեկցել են նրան կյանքի բոլոր փուլերում։

2006-ից 2018 թվականներին նա սովորել և ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը։ Դպրոցական տարիներից արդեն հստակ էր նրա հետաքրքրությունը բժշկության նկատմամբ։

«Մանկուց սիրել եմ այս մասնագիտությունը, և ինքնաբերաբար ձգտում առաջացավ դեպի այդ ոլորտ»,- պատմում է Միքայելը։

Դպրոցն ավարտելուց հետո նա շարունակել է ուսումը Հայաստանում՝ Հայկական բժշկական ինստիտուտում, որտեղ ստացել է մագիստրոսի կոչում։ Այնուհետև կրթությունը շարունակել է Առողջապահության ազգային ինստիտուտում՝ անցնելով կլինիկական օրդինատուրա ընտանեկան ստոմատոլոգիայի ուղղությամբ և հաջողությամբ ավարտել այն։

Ուսման տարիները, սակայն, հեշտ չեն անցել։ Միքայելը զուգահեռ աշխատել է և այժմ էլ աշխատում է իր մասնագիտությամբ Երևանի «Դիամանտ» ստոմատոլոգիական կենտրոնում՝ բժիշկ-ստոմատոլոգ ,փորձ ձեռք բերելով իրական բժշկական միջավայրում։

Նա հիշում է այդ շրջանը ոչ միայն որպես ձեռքբերումների, այլև լուրջ փորձությունների ժամանակահատվածէ եղել որի ընթացքում կողքին են եղել ընկերները և ընտանիքի անդամները։

«Անթիվ անքուն գիշերներ, հուսահատ պահեր, լինում էին օրեր, երբ մտածում էի ուսումս կիսատ թողնել ու վերադառնալ ծննդավայր։ Շատ էի կարոտում ընտանիքիս։ Բայց նպատակին հասնելու ցանկությունն ավելի ուժեղ էր»,- ասում է երիտասարդ բժիշկը։

Գյուղից հեռանալը, նոր միջավայրում հաստատվելու փորձը, ինչպես ինքն է նշում, մարդու համար մեծ հոգեբանական մարտահրավեր է։

«Ծննդավայրից կտրվելը բարդ է։ Դա քո տունն է, քո ինքնության մի մասը»,– ասում է նա։

Չնայած բոլոր դժվարություններին՝ Միքայելը չի շեղվել իր ընտրած ճանապարհից։ Այսօր նա արդեն կայացած բժիշկ-ստոմատոլոգ է, ով իր աշխատանքի միջոցով մարդկանց պարգևում է ամենակարևորը՝ ժպիտ։

«Ես իմ մասնագիտությամբ կարողանում եմ մարդկանց ժպիտ պարգևել, ինչը ինձ համար շատ հաճելի է»,– նշում է բժիշկը։

Ազատ ժամանակը Միքայելը նվիրում է մասնագիտական հմտությունների զարգացմանը՝ կարևորելով շարունակական կրթությունը և ինքնակատարելագործումը։

Միքայելը մեզ հետ զրույցում խորհուրդ տվեց երիտասարդներին, որ կրթվեն և սիրեն ուսումը, օգնեն միմյանց։ Ժամանակը տրամադրեն օգտակար գործերի:

Մեր այն հարցին, թե արդյոք կցանկանար իր մասնագիտությամբ աշխատել ծննդավայրում, նա ընդգծեց, որ յուրաքանչյուր մարդ պետք է ձգտի օգտակար լինել իր ծննդավայրին, իր մարդկանց, բարեկամներին և հարազատներին։ Նրա համոզմամբ՝ անձի ներդրումը սեփական համայնքում ունի առանձնահատուկ նշանակություն։

Անդրադառնալով ապագայի պլաններին՝ նա նշեց, որ այս պահին չի ցանկանում դրանց մասին խոսել՝ նախընտրելով դրանք պահել անձնական շրջանակում։

Միքայել Կոբելյանի պատմությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ համառությունը, նպատակասլացությունն ու սեփական գործի հանդեպ սերը կարող են հաղթահարել ցանկացած դժվարություն՝ ճանապարհ հարթելով դեպի հաջողություն։