
Նինոծմինդա քաղաքում, Խոջաբեկ թաղամասում գտնվող Ծիսական տան վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով հայտարարվել է մրցույթ։ Ծրագրի ֆինանսավորումը ամբողջությամբ՝ 100 տոկոսով, իրականացվելու է տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեից։ Մրցույթը հայտարարվել է 2026 թվականի մարտի 31-ին, իսկ առաջարկների ընդունման վերջնաժամկետը եղել է ապրիլի 16-ը։ Առաջարկ է ներկայացրել անհատ ձեռներեց Մարգարը՝ առաջարկելով 32 001 լարի։ Սակայն մրցույթի արդյունքները դեռ չեն հրապարակվել։
Ըստ տվյալների՝ նախագծի մոտավոր արժեքը կազմում է 40,000 լարի։
Նշենք, որ դեռևս 2025 թվականին Նինոծմինդայում անցկացվել էր «Քաղաքացիական բյուջե՝ Նինոծմինդա 2025» առաջնահերթ նախագծերի ընտրության գործընթացը, որի շրջանակում համայնքի բնակիչները հնարավորություն էին ունեցել ներկայացնել և ընտրել իրենց համար կարևոր նախաձեռնությունները։
Այդ գործընթացի արդյունքում Արտյոմ Մղդեսյանի կողմից ներկայացված Խոջաբեկ թաղամասում գտնվող արարողությունների տան վերանորոգում նախագիծը ստացել էր 341 ձայն՝ դառնալով ընտրված նախաձեռնություններից մեկը։
Ի՞նչ է քաղաքացիական բյուջեն
Քաղաքացիական բյուջեն մեխանիզմ է, որը թույլ է տալիս բնակիչներին անմիջականորեն մասնակցել համայնքային բյուջեի որոշումների կայացման գործընթացին։ Այն հնարավորություն է տալիս քաղաքացիներին՝
• ներկայացնել գաղափարներ համայնքի զարգացման համար,
• մասնակցել առաջարկների քննարկմանը,
• քվեարկել՝ որոշելու, թե որ նախագծերն են առաջնահերթ ֆինանսավորման համար,
• վերահսկել ընտրված ծրագրերի իրականացման ընթացքը։
Խոջաբեկ թաղամասի ծիսական տան վերանորոգման նախագիծը հենց այդ գործընթացի արդյունքում ընտրված նախաձեռնություններից է, որի իրականացումը նախատեսվում է մոտ 2026 թվականին։

