
25-ամյա Յուկի Ասոն Ճապոնիայից է և արդեն մի քանի ժամանակ է, ինչ աշխատում է Ախալցիխեյում որպես Japan International Cooperation Agency (JICA) կամավոր։ Նրա գործունեությունը հիմնականում ուղղված է երիտասարդների հետ աշխատելուն, սակայն, ինչպես ինքն է ասում, այս փորձը իր համար շատ ավելի լայն նշանակություն ունի՝ կապված մարդկանց, մշակույթի և արժեքների հետ։
Յուկին NOR-ի լրագրողին պատմում է, որ Վրաստան գալու որոշումը կապված էր հենց ծրագրի ընտրության հետ, դիմել էր JICA-ի կողմից կազմակերպվող ծրագրին։ Երբ գտավ Ախալցիխեյում իրականացվող ծրագիրը, շատ է հետաքրքրվել այս տարածաշրջանի պատմությամբ և մշակույթով, ուստի այն ընտրել է որպես իր առաջին նախընտրություն և ընդունվել է։
Վրաստան գալուց հետո նրա առաջին կանգառը մայրաքաղաք Թբիլիսին էր, սակայն հետագայում տեղափոխվեց Ախալցիխե։ Ճանապարհին տեսածը նրա մեջ հետաքրքիր սպասումներ էր ձևավորել․ «Երբ այստեղ էի գալիս և անցնում էի Բորժոմիով, տեսա շատ կովեր և ձիեր, և մտածեցի, որ գնում եմ շատ գյուղական քաղաք։ Բայց երբ հասա, պարզվեց, որ քաղաքը բավականին աշխույժ է։ Անմիջապես հավանեցի նրա հանգիստ և խաղաղ մթնոլորտը»։

Երիտասարդի խոսքով նոր միջավայրին հարմարվելը, ինչպես շատ օտարերկրացիների դեպքում, հեշտ չի եղել։ Ամենաբարդը լեզուն էր, սկզբում նրա համար շատ դժվար է եղել, և նույնիսկ հիմա շարունակաբար սովորում է լեզուն։ Նա նաև նշում է, որ տարածաշրջանում ապրող հայերի հետ շփվելիս հիմնականում օգտագործում է պարզ ռուսերեն։
Ախալցիխեյում Յուկի Ասոյի առօրյան կապված է կրթական և մշակութային ծրագրերի կազմակերպման հետ։ «Ես կազմակերպում եմ ճապոներենի դասեր, ճապոնական մշակույթի դասընթացներ, միջմշակութային երկխոսության ճամբարներ և բնապահպանական կրթական միջոցառումներ»։ Նա նաև ծրագրում է ապագայում միջոցառումներ անցկացնել ճապոնական խոհանոցի և նույնիսկ վոլեյբոլի թեմայով, որը նրա հոբբին է։
Յուկին առանձնացնում է նաև Ճապոնիայի և Վրաստանի առօրյա կյանքի տարբերությունները։ Նրա խոսքով՝ ամենամեծ տարբերությունը աշխատանքային ժամերն են․
«Ճապոնիայում աշխատում էի առավոտյան 9-ից մինչև երեկոյան 7-ը, իսկ երբեմն նույնիսկ մինչև 10-ը։ Վրաստանում աշխատանքային ժամերը շատ ավելի կարճ են, և ես ավելի շատ ազատ ժամանակ ունեմ՝ պատրաստելու, մարզվելու և սովորելու համար»։

Չնայած մշակութային տարբերություններին՝ նա նաև նմանություններ է նկատել երկու ժողովուրդների միջև։ Նա պատմում է, որ հյուրընկալության զգացումը բավական նման է։ Ճապոնիայում ունեն «ոմոտենաշի» հասկացությունը, որը նշանակում է հյուրերին ջերմ ընդունել։ Դա նման է Վրաստանում «սուփրայի» հրավիրվելուն։
Տեղացիների արձագանքը ևս հետաքրքիր է եղել նրա համար։ Սկզբում մարդիկ շատ են զարմացել։ Հաճախ նրան նաև չինացի են համարում։ Բայց երբ հասկանում են, որ ճապոնացի է, ասում են, որ սիրում են Ճապոնիան՝ նրա տեխնոլոգիաների, տնտեսության և մշակույթի համար։ «Նրանք շատ բարի են, և դա ինձ շատ է ուրախացնում»,-ասում է Ճապոնացի երիտասարդը։
Ախալցիխեյում Յուկիի ամենասիրելի վայրը քաղաքի լիճն է․ «Սիրում եմ այնտեղ նստել նստարանին և ուկուլելե նվագել»։

Վրաստանում անցկացրած ժամանակը նրա համար դարձել է կարևոր կյանքի փորձ։ Նա նշում է, որ այստեղ սովորել է ավելի շատ գնահատել մարդկանց հետ հարաբերությունները․
«Վրացիների համար դա գուցե սովորական է, բայց Ճապոնիայում աշխատանքը հաճախ առաջնային է, և դրա պատճառով ընտանեկան ու ընկերական հարաբերությունները տուժում են։ Տեսնելով, թե ինչպես են վրացիները հոգ տանում միմյանց մասին, դա ինձ ոգեշնչեց»։
Վերջում նա խորհուրդ է տալիս Վրաստան եկող օտարերկրացիներին բաց լինել նոր մշակույթի հանդեպ։ Կարևոր է սովորել լեզուն և ամբողջությամբ ընկղմվել մշակույթի մեջ․ «Սկզբում վրացիները ինձ թվում էին բարկացած, բայց հետո հասկացա, որ նրանք պարզապես իրենց զգացմունքներն անկեղծ են արտահայտում։ Հուսով եմ, որ օտարերկրացիները կվստահեն վրացիների բարությանը և իսկապես կվայելեն իրենց ժամանակը Վրաստանում»։

