
Վրաստանի Ազգային բանկը սահմանափակել է արտարժույթով վարկերի տրամադրումը մինչև 1 միլիոն լարիի չափով այն անձանց համար, ովքեր եկամուտ են ստանում ազգային արժույթով (լարի)։ Համապատասխան որոշումը երեկ կայացրել է Ազգային բանկի ֆինանսական կայունության կոմիտեն:
2025 թվականի օգոստոսից մինչ օրս նշված սահմանաչափը կազմում էր 750 հազար լարի, իսկ հուլիսի 1-ից կբարձրանա մինչև 1 միլիոն լարի: Ազգային բանկի գնահատմամբ՝ վարկառուների արտարժութային խոցելիությունը նվազեցնելու նպատակով չհեջավորված (ռիսկերից չապահովագրված) վարկատուների համար արտարժութային վարկերի նվազագույն շեմը պետք է բարձրացվի 750 հազար լարիից մինչև 1 մլն լարի:
«Վրաստանի ֆինանսական համակարգը պահպանում է կայունությունը և շարունակում է տնտեսության վարկավորումը: Անցյալ տարվա ընթացքում գլոբալ ֆինանսական պայմանները համեմատաբար կայուն և բարենպաստ էին, սակայն Մերձավոր Արևելքում հակամարտության սկիզբը հանգեցրեց գլոբալ ֆինանսական պայմանների չափավոր խստացման: Չնայած պատմական համատեքստում դրանք դեռևս մնում են համեմատաբար մեղմ, սակայն աճող անորոշության ֆոնին բարձր են ապրանքային շուկաների ցնցումների, գլոբալ գնաճային սպասումների ուժեղացման և ֆինանսական պայմանների հետագա խստացման ռիսկերը: Այս հանգամանքների ֆոնին ֆինանսական կայունության և դրամավարկային քաղաքականության համատեղ կոմիտեն նպատակահարմար գտավ արտարժութային պարտավորությունների համար ժամանակավորապես բարձրացված պահուստավորման նորմայի վերին շեմը վերադարձնել նախկին մակարդակին և նվազեցրեց 5 տոկոսային կետով:
Այս նորման Ազգային բանկի գործիքն է, և բանկը կշարունակի դրա վերանայումը նաև ապագայում՝ կախված մակրոտնտեսական հանգամանքներից ու պայմաններից: Միաժամանակ նշենք, որ ֆինանսական դոլարացումից բխող ռիսկերի մեղմումը մնում է Ազգային բանկի կարևոր խնդիրը: Հայտարարված քաղաքականության համաձայն՝ Ազգային բանկը, համագործակցելով ոլորտի հետ, շարունակում է ապադոլարացման երկարաժամկետ ծրագրի իրականացումը: Ֆինանսական կայունության կոմիտեի որոշմամբ՝ չհեջավորված արտարժութային վարկերի շեմը 750 հազարից բարձրացվել է 1 մլն լարիի: Փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հուլիսի 1-ից»,- ասված է Ազգային բանկի որոշման մեջ:
Ազգային բանկը վերջին անգամ արտարժութային վարկերի շեմը բարձրացրել էր 2025 թվականի օգոստոսի 1-ին՝ հասցնելով 750 հազար լարիի, իսկ մինչ այդ՝ 2025 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 1-ը, գործում էր 500 հազար լարիի շեմը։ 2024 թվականին այս շեմը բարձրացվել էր 200 հազարից մինչև 400 հազար լարի։

