«Արշալույս» թերթը շարունակում է միավորել սերունդներին. Լուսինե Վարդանյան

«Արշալույս» թերթը շարունակում է միավորել սերունդներին. Լուսինե Վարդանյան

1935 թվականից շրջանային կյանքի զարկերակը պահող «Արշալույս» թերթն այսօր էլ շարունակում է միավորել սերունդներին՝ ապացուցելով, որ տպագիր մամուլը դեռ ունի իր հավատարիմ ընթերցողը։ Թերթի խմբագիր Լուսինե Վարդանյանը, ով լրագրությունն ընտրել է դեռ դպրոցական տարիներից և մասնագիտական կրթություն ստացել Երևանում, արդեն հինգ տարի է թերթի խմբագիրն է պահպանելով նրա ավանդույթներն ու միաժամանակ ներմուծելով նոր ձևաչափեր։ Նրա համոզմամբ՝ նույնիսկ թվային դարաշրջանում հնարավոր է մարդկանց կրկին վերադարձնել թերթի էջերին, եթե աշխատում ես ժամանակի պահանջներին համահունչ ու ընթերցողի հետ կենդանի կապ պահպանում։

Լուսինե Վարդանյանը ով «Արշալույս» թերթի խմբագիրն է, սովորել և ավարտել է Նինոծմինդա քաղաքի թիվ 1 հայկական դպրոցը գերազանցությամբ, ապա ուսումը շարունակել Հայաստանում՝ Երևանի պետական մանկավարժական համալսարանի հեռուստալրագրության բաժնում։ Ինչպես ինքն է նշում՝ մասնագիտության ընտրության հարցում երբևէ չի երկմտել, լրագրությունն ընտրել է միանշանակ և վստահ քայլերով գնացել իր նպատակի հետևից։

Լուսինե Վարդանյանի մասնագիտական ճանապարհի ձևավորման մեջ մեծ դեր են ունեցել նրա դասախոսները, հատկապես նա նշեց երջանկահիշատակ Սերգո Երիցյանին, ում կուրսում ուսանելը նա համարում է իր կյանքի կարևորագույն ձեռքբերումներից մեկը։ Նրա խոսքով՝ հենց այդ տարիներին ուսանողները հնարավորություն են ունեցել պրակտիկա անցնելու հեղինակավոր հեռուստառադիոընկերություններում ու մամուլի խմբագրություններում՝ ձեռք բերելով մասնագիտական փորձ և հմտություններ։

Համալսարանն ավարտելուց հետո նա մասնակցել է «Շանթ» հեռուստառադիոընկերության կազմակերպած ռադիոհաղորդավարների մրցույթին և 180 մասնակիցներից ընտրված հինգ հաղթողներից մեկը դարձել։ Մի քանի ամիս վարել է հեղինակային «Օրվա 17 ակնթարթները» հաղորդումը «Շանթ» ռադիոյով։ Սակայն հետագայում կյանքի հանգամանքները նրան վերադարձրել են ծննդավայր՝ Նինոծմինդա, որտեղ 2010 թվականից աշխատում է «Արշալույս» թերթի խմբագրությունում։

Այսօր արդեն հինգերորդ տարին է, ինչ Լուսինե Վարդանյանը ղեկավարում է «Արշալույս» թերթը։ Նրա խոսքով՝ լրագրողի և խմբագրի աշխատանքները էապես տարբեր են.

«Այն ժամանակ ես պարզապես կատարում էի խմբագրի հանձնարարությունները, իսկ հիմա ամբողջ պատասխանատվությունն իմ ուսերին է՝ լրագրողի, սրբագրիչի, օպերատորի աշխատանքը համակարգելուց մինչև որակի վերահսկում»,- ասում է Լուսինեն։

Խմբագրի համոզմամբ՝ լրագրությունն իր համար ոչ միայն մասնագիտություն, այլև սիրելի գործ է։ Ակտիվ ու հետաքրքրասեր բնավորությունն է նրան բերել այս ոլորտ։

«Լրագրող աշխատելու ընթացքում ես միայն վայելել եմ իմ աշխատանքը, դժվարություններ չեմ զգացել»,- ասում է նա։

Լուսինե Վարդանյանի ղեկավարած «Արշալույսը» կարողացել է կոտրել ժամանակակից հասարակության մեջ տարածված այն կարծրատիպը, թե մարդիկ այլևս թերթ չեն կարդում։ Նրա խոսքով՝ ճիշտ մոտեցումների և ժամանակակից ձևաչափերի շնորհիվ հնարավոր է ընթերցողին նորից կապել մամուլի հետ։

Այսօր թերթն ունի շատ ընթերցողներ՝ բանվորներից ու գյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանցից մինչև մտավորականներ, մանկավարժներ, պաշտոնյաներ ու դպրոցականներ։ Թերթը, լինելով շրջանային մամուլ, հիմնականում տարածվում է տեղում, սակայն առցանց տարբերակի շնորհիվ ընթերցողներ ունի աշխարհի տարբեր երկրներում։

«Արշալույսը» գործում է փոքր, բայց արհեստավարժ թիմով՝ լրագրող, օպերատոր, սրբագրիչ և խմբագիր։ Թերթը լույս է տեսնում ամիսը մեկ անգամ, և խմբագրակազմը փորձում է ընտրել այնպիսի թեմաներ, որոնք ժամանակի ընթացքում չեն կորցնում իրենց արդիականությունը։

Թերթի պատմությունը սկսվում է դեռևս 1935 թվականի փետրվարի 25-ից։ Անցած տարի նշվել է «Արշալույսի» 90-ամյակը, իսկ արխիվներում պահպանված նյութերը, ինչպես նշում է խմբագիրը, իրականում շրջանի կենդանի պատմությունն են՝ «Մարդկանց ճակատագրերով», «Պատերազմական հիշողություններով», «Հողի մարդու աշխատանքով» ու «Մանկավարժի նվիրումով»։

Վերջին տարիներին թերթում կատարվել են նաև մի շարք փոփոխություններ։ Լուսինե Վարդանյանի ղեկավարության տարիներին «Արշալույսը» դարձել է գունավոր, փոխվել է ձևաչափը, ավելացել են նոր խորագրեր։ Հատկապես ընթերցողների սիրված բաժիններից են «Մեր փոստից» և «Նինոծմինդայի շրջանի պատմությունից» խորագրերը, որտեղ հրապարակվում են ինչպես ընթերցողների նամակներ, այնպես էլ արխիվային արժեքավոր նյութեր։

«Ֆինանսավորումը պետական է, ոչ իրավաբանական անձի կարգավիճակում ենք։ Թերթն այն ժամանակներից մինչև այսօր շարունակում է գոյություն ունենալ ի շնորհիվ կառավարության և մեր ղեկավարների շնորհիվ, որի համար շատ շնորհակալ ենք»,- ասաց Լուսինե Վարդանյանը։

Մեզ հետ զրույցում Լուսինե Վարդանյանը նշեց, որ մեծ ձեռքբերում են համարում նաև տեղում տպագրության կազմակերպումը։ Եթե նախկինում թերթը տպագրվում էր Ախալցխայում, ապա այժմ արդեն երրորդ տարին է՝ այդ գործընթացն իրականացնում են տեղում, ինչը զգալիորեն բարձրացրել է աշխատանքի որակն ու արագությունը։

Լուսինե Վարդանյանը վստահ է՝ թերթի գոյության ամենամեծ երաշխիքը ընթերցողն է։ Հատկապես կարևոր է համարում երիտասարդների ներգրավվածությունը, ինչին նպաստել է «Տաղանդավոր սերունդ» մրցույթը։

«Այսօրվա աշակերտները մեծ հետաքրքրությամբ սպասում են թերթի յուրաքանչյուր համարին, որպեսզի իրենց ստեղծագործությունները տեսնեն տպագրված էջերում»,- ասում է նա։

NOR-ի զրույցի ավարտին Լուսինե Վարդանյանը ընթերցողներին մաղթում է ընթերցասիրություն, ակտիվություն և մշտական կապ թերթի խմբագրության հետ՝ ընդգծելով, որ հենց ընթերցողից է կախված «Արշալույսի» շարունակական զարգացումն ու ապագան։

Տեսանյութ․