Հանտավիրուսի համավարակի սպառնալիք չկա. ԱՀԿ գլխավոր տնօրեն

Հանտավիրուսի համավարակի սպառնալիք չկա. ԱՀԿ գլխավոր տնօրեն

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարել է, որ MV Hondius զբոսանավում հանտավիրուսի բռնկումը որևէ լուրջ սպառնալիք չի ներկայացնում:

«ԱՀԿ-ի գնահատմամբ՝ համաշխարհային մասշտաբով առողջության համար ռիսկը ցածր է», -ասել է նա:

Գեբրեյեսուսը նշել է, որ ներկա դրությամբ գրանցվել է վարակման 9 դեպք, ևս երկու հիվանդի մոտ առկա է հանտավիրուսով վարակման կասկած, սակայն նրանց անհրաժեշտ է լրացուցիչ հետազոտություն։ Բոլոր հիվանդները մեկուսացված են և գտնվում են բժշկական հսկողության տակ։ Գեբրեյեսուս խոսքով՝ առաջիկա շաբաթներին կարող են հայտնաբերվել նոր դեպքեր:

Հանտավիրուսը սովորաբար տարածվում է կրծողների միջոցով, սակայն Անդերի շտամը, որով վարակվել են նիդեռլանդական նավի որոշ ուղևորներ Հարավային Ամերիկայում գտնվելու ժամանակ, կարող է փոխանցվել մարդկանց միջոցով։ Ախտանիշերը կարող են ներառել ջերմություն, հոգնածություն, մկանային, ստամոքսի ցավեր, փսխում, փորլուծություն և շնչարգելություն։