
Այսօր մայիսի 15-ին, NOR ռադիոկայանը կրկին կապ հաստատեց Նինոծմինդայի բնակիչ Արտո Վարդանյանի հետ՝ պարզելու Խոջաբեկ թաղամասում ստեղծված իրավիճակի հետագա զարգացումները, որտեղ կոյուղու դիտահորից դուրս եկած կեղտաջրերի արտահոսքի հետևանքով հեղեղվել են կարտոֆիլի արտերը։
Արտո Վարդանյանի խոսքով՝ Նինոծմինդայի ջրամատակարարման ընկերության աշխատակիցները երեկ եկել են տվյալ տարածք և իրականացրել համապատասխան աշխատանքներ։ Նա նշեց նաև, որ տուժած բնակիչները միասին հավաքվել են և փոխել ջրի հոսքի ուղղությունը, որպեսզի կանխեն ջրի հետագա տարածումն ու նոր վնասները։
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Արտո Վարդանյանը NOR ռադիոկայանին հայտնել էր, որ կոյուղու դիտահորից դուրս եկած կեղտաջրերը հեղեղել էին իր 25 սոտ և հարևանի 50 սոտ կարտոֆիլի արտերը։ Ջուրը տարածվել էր հողատարածքի ամբողջ երկայնքով, ինչի հետևանքով կարտոֆիլը դուրս էր եկել հողի երես։ Բնակիչների խոսքով՝ դեպքի պահին պատասխանատու ծառայությունների արձագանքը ուշացել էր, և նրանք սեփական ուժերով փորձում էին կանխել վնասների մեծացումը։
NOR ռադիոկայանը կշարունակի հետևել, թե ինչ լուծումներ և փոխհատուցման քայլեր կձեռնարկվեն պատասխանատու կառույցների կողմից։
Նինոծմինդայի Խոջաբեկ թաղամասում կոյուղու դիտահորից ջուրը դուրս է եկել ու հեղեղել արտերը

