«Տունը գլխիս վրա է փլուզվում». Խաչ գյուղում 49-ամյա Սոնա Փիլթոյանը օգնության կարիք ունի

«Տունը գլխիս վրա է փլուզվում». Խաչ գյուղում 49-ամյա Սոնա Փիլթոյանը օգնության կարիք ունի

Չնայած ժամանակների փոփոխությանը և զարգացմանը, այսօր էլ կան մարդիկ, որոնք ապրում են մոռացված ու լքված պայմաններում։ Սոնա Փիլթոյան նրանցից մեկն է՝ մի կին, որը տարիներ շարունակ միայնակ պայքարում է մենակության, ցրտի և անտարբերության դեմ և մեր կողքին դեռ կան մարդիկ, որոնց համար ամեն օրը գոյատևման պայքար է։

Ծալկայի մունիցիպալիտետի Խաչ գյուղում բնակվող 49-ամյա Սոնա Փիլթոյանը արդեն շուրջ 15 տարի է միայնակ է ապրում՝ ծնողների մահից հետո մնալով առանց ընտանիքի ու աջակցության։

Սոնայի տունը կիսափլված վիճակում է։ Պատերը քանդված են, իսկ անձրևի ժամանակ կտուրից ջուրը կաթում է ներս։

«Տան մեջ արդեն հնարավոր չէ բնակվել։ Կտուրից ջուրը կաթում է, պատերը փլված են։ Տունը գլխիս վրա է փլուզվում»,- ասում է Սոնան։

Կենցաղային պայմանները չափազանց ծանր են։ Որպես վառելանյութ օգտագործում է չորացած ծառերի ճյուղեր։

«Չորացած ճյուղեր եմ հավաքում, դրանցով եմ տաքանում։ Ուրիշ հնարավորություն չունեմ»,- պատմում է նա։

Սոնան ասում է, որ որևէ օգնող չունի։ Նրա խոսքով՝ մարդիկ այսօր իրենց խնդիրներով են ապրում, ինքը հույս էլ չունի, որ որևէ մեկը կօգնի։

Կինը սոցիալական օգնության տեսքով ստանում է ընդամենը 60 լարի։ Նրա միակ եկամտի աղբյուրը հենց այդ աջակցությունն է։ Սոնան ունի նաև փոքրիկ հողատարածք՝ մոտ 2 սոտ, որտեղ կարտոֆիլ է մշակում սեփական կարիքների համար։

Անասուն պահելու հնարավորություն ևս չունի։

«Ոչ տեղ ունեմ, ոչ էլ հնարավորություն։ Ինչո՞վ պետք է պահեմ անասուններին»,- ասում է Սոնան։

Կինը չունի անգամ բջջային հեռախոս։ NOR-ի հետ կապ է հաստատել հարևանների հեռախոսների միջոցով։

Նրանք, ովքեր ցանկանում են օգնություն ցուցաբերել, Սոնաին կարող են փոխանցում կատարել հետևյալ հաշվեհամարով՝

GE11BG0000000162351549