
Մայիսի 24-ին Երևանում անցկացվել է «Մենթալ թվաբանության» միջազգային օլիմպիադան՝ «Դեպի հաղթանակ» խորագրով։ Օլիմպիադային մասնակցել է 400-ից ավելի սան տարբեր երկրներից, որոնցից 67-ը ներկայացրել են «IQ Center Նինոծմինդան»։

Կենտրոնի մարզիչ Հակոբ Մարիկյանը NOR-ին հայտնում է, որ իրենց սաները գրանցել են բարձր արդյունքներ՝ նվաճելով 20-ից ավելի առաջին տեղեր, ինչպես նաև երկրորդ և երրորդ տեղի մրցանակներ։ Մյուս մասնակիցները ևս զբաղեցրել են պատվավոր հարթակներ։
Բացի անհատական հաջողություններից, «IQ Նինոծմինդան» թիմային աշխատանքի համար արժանացել է նաև «Super Champions Teacher» գավաթին։
«Բոլոր օլիմպիադաներից առաջ ես մեր սաներին ոգևորում եմ, որ իրենք արդեն իսկ չեմպիոն են, քանի որ մասնակցում են։ Այսպիսի միջոցառումները ևս մեկ անգամ ապացուցում են, որ յուրաքանչյուր երեխայի մեջ կա անսահման ներուժ։ Օլիմպիադաները երեխաներին սովորեցնում են արժանապատվորեն ընդունել թե՛ հաղթանակները, թե՛ փորձությունը, հավատալ սեփական ուժերին և երբեք չդադարել զարգանալ»,- նշում է Հակոբ Մարիկյանը։

Նա նաև ընդգծում է, որ կենտրոնը շարունակելու է ստեղծել հնարավորություններ, որտեղ յուրաքանչյուր երեխա կկարողանա բացահայտել իր ուժեղ կողմերը, զարգացնել մտածողությունը և քայլ առ քայլ մոտենալ իր նպատակներին։
Հարկ է նշել, որ Նինոծմինդայի IQ Center-ի մարզիչներն են Հակոբ Մարիկյանը և Օլյա Գասպարյանը։







