
Ջավախքի Փոկա գյուղում ծնված և ստեղծագործող լուսանկարիչ ու արվեստագետ Արարատ Զորյանի համար լուսանկարչությունը պարզապես կադր որսալ չէ․ դա ներքին աշխարհի, բնության և մարդու զգացմունքների միջև ստեղծվող կապ է։ Նրա աշխատանքներում բնությունը վերածվում է պատմության, իսկ յուրաքանչյուր լուսանկար՝ զգացողության։
Արարատ Զորյանը ծնվել է 1964 թվականին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղում՝ մտավորականի ընտանիքում։ Նրա մանկությունն անցել է Փարվանայի ափին՝ Աբուլ լեռան վեհ հայացքի ներքո։ Զորյանը այժմ ապրում է Հայաստանում և ստեղծագործում նրա սահմաններից դուրս ։

Նրա խոսքով՝ մանկությունը մարդու կյանքի այն շրջանն է, որտեղ երազները դասավորված են գրքերի նման, և տարիներ անց մարդը վերադառնում է դրանց՝ հիշողություններով ու զգացողություններով։
«Տարիները անցնում են, ամեն բան լքում է քեզ, ժամանակի ու տարածության մեջ միայն քո ներսի երեխան է քեզ ուղեկցում մինչև վերջ»,- ասում է Զորյանը։
Արարատ Զորյանը կրթություն է ստացել Երևանի գյուղատնտեսական համալսարանում՝ ստանալով գիտնական-ագրոնոմի որակավորում։ Նրա խոսքով՝ այդ կրթությունը հնարավորություն է տվել բնությունը ճանաչել նաև գիտական տեսանկյունից։

Սակայն արվեստի հանդեպ սերը ձևավորվել է դեռ մանկուց։ Նա նվագել, նկարել և քանդակել է, իսկ երիտասարդ տարիքում զբաղվել է խաչքարային արվեստով՝ դառնալով հայտնի խաչքարերի հեղինակ։
Արարատ Զորյանի ձևավորման վրա ամենամեծ ազդեցությունն ունեցել է հայրը՝ Շալիկո Հմայակի Զորյանը, բանասեր մանկավարժ, գյուղի դպրոցի երկարամյա տնօրենը։
«Իրենից եմ սովորել զգալ բառը, գույնը, լույսը, տարածությունը, ոգին, բնությունը ընդհանրապես»։

Լուսանկարչության հանդեպ հետաքրքրությունը ծնվել է նկարչությունից։ Բնությունն ու մարդու էմոցիաները օբյեկտիվի միջոցով զգալու ցանկությունը հետագայում վերածվել է արվեստի։
Նա մինչ օրս հիշում է իր առաջին ֆոտոխցիկը՝ «ФЕД»-ը, որը ձեռք է բերել 1989 թվականին։ Այդ ժամանակ աշխատել է ժապավենային լուսանկարչությամբ՝ ինքնուրույն մշակելով և տպելով լուսանկարները։
«ժապավենային նկարահանումներ էի անում, հետո մթության մեջ քիմիական նյութերով վերամշակում ու տպում ֆոտոթղթի վրա։ Մինչև հիմա պահպանում եմ, առանձնահատուկ զգացողոթյուններ եմ ունենում տեսնելիս»։
Արարատ Զորյանը լուսանկարչությունն արվեստ է համարել այն պահից, երբ տպել է իր առաջին լուսանկարները։
«Տեսա, որ լուսանկարները գեղանկարչական տարրեր են կրում իրենց մեջ»,- ասում է նա։

Նրա կարծիքով՝ լուսանկարչությունն ու գեղանկարչությունը ժամանակակից աշխարհում փոխլրացնում են միմյանց։
Լուսանկարչի աշխատանքներում հաճախ հանդիպում են հայրենի բնաշխարհի պատկերներ՝ լեռներ, կիրճեր, ջրային տարածքներ, քարեր, ծաղիկներ, կենդանիներ ու մարդիկ։

Նա աշխատում է տարբեր ոճերում՝
«Լուսանկարելու համար կարևոր են ոչ միայն հերոսներն ու տեսարանը, այլև լույսը, օդի խոնավությունը, ջերմաստիճանն ու պահի անկրկնելիությունը։ Համոզվել եմ, որ բնության մեջ ամեն ակնթարթ անկրկնելի է»,- ընդգծում է նա։
Նրա համար լավ լուսանկարի հիմքում չորս կարևոր բաղադրիչ կա՝
լույսը,
ճիշտ ընտրված պահը,
ոգին
և ինտրիգը։
«Որսում եմ զգացմունքը պահի մեջ»,- ասում է նա՝ պատասխանելով այն հարցին, թե լուսանկարելիս ավելի շատ զգացմո՞ւնքն է որսում, թե՞ պահը։
Արարատ Զորյանի առաջին ցուցահանդեսը կազմակերպվել է Աշոցքում՝ համայնքի օրվա միջոցառման շրջանակում։ Այն արժանացել է ջերմ ընդունելության։

Նա մասնակցել և շարունակում է մասնակցել միջազգային օնլայն լուսանկարչական մրցույթների, ունի մրցանակակիր և սերտիֆիկացված աշխատանքներ։
Առաջիկա տարիների նպատակներից է առաջին լուսանկարչական ալբոմի հրատարակությունը և երկրորդ ցուցահանդեսի կազմակերպումը Աշոցքում։ Իսկ հոգու խորքում մեծ ցանկություն ունի ցուցահանդես կազմակերպել նաև իր նախապապերի ու ծննդավայր Ջավախեթիում։
«Հոգու աչքերով նայել, զգալ, ապրել, նոր նկարել»,- սա է Արարատ Զորյանի գլխավոր խորհուրդը սկսնակ լուսանկարիչներին։

Նրա համոզմամբ՝ տեխնիկան երկրորդական է, իսկ իրական լուսանկարը ծնվում է զգացողությունից։


