
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է հանդիպում անցկացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Ես առաջարկում եմ հանդիպման համար հստակ ամսաթիվ նշանակել», – ասվում է Պուտինին ուղղված բաց նամակում, որում կոչ է արվում դադարեցնել Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայում։
Կան երկրներ, որոնք ավանդաբար հյուրընկալում են առաջնորդներին՝ պատերազմի և խաղաղության հարցերը լուծելու համար, հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
«Շվեյցարիան, Թուրքիան, արաբական աշխարհը՝ շատերը կարող են և ցանկանում են հյուրընկալել այս հանդիպումը։ Հենց առաջնորդներն են որոշում հիմնական հարցերը՝ միշտ այդպես է եղել և միշտ էլ այդպես կլինի», – ընդգծվել է ուղերձում։
Վլադիմիր Զելենսկին կարծիք է հայտնել, որ երկկողմ բանակցություններին կարող են միանալ այլ մասնակիցներ, այդ թվում՝ Եվրոպայից, ովքեր իսկապես ունակ են ազդել իրավիճակի վրա և հանդես գալ որպես անվտանգության երաշխավորներ ։
Նա նշել է, որ «ուկրաինական և եվրոպական հարցերը չեն լուծվում Անքորիջում»։

