Նինոծմինդայում նախատեսվում է բազմաբնակարան շենքերի ճակատային մասերի վերականգնում

Նինոծմինդայում նախատեսվում է բազմաբնակարան շենքերի ճակատային մասերի վերականգնում

Նինոծմինդա քաղաքի Ազատության 7 և Հովսեփյան 18 հասցեներում գտնվող բնակելի շենքերի ճակատային հատվածների վերականգնման աշխատանքների համար հայտարարվել է մրցույթ։

Մրցույթի նախնական արժեքը կազմում է 45 հազար լարի։ Աշխատանքների ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացվելու է տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեից։

Նախագծի իրականացման ընդհանուր գնահատված արժեքը կազմում է շուրջ 1 միլիոն 500 հազար լարի։

«Հատկանշական է, որ շենքերի ճակատներն ունեն ոչ ստանդարտ կառուցվածք, ինչի պատճառով անհրաժեշտ է մշակել հատուկ ճարտարապետական լուծում և տեսողական կոնցեպցիա՝ հաշվի առնելով ինչպես ներկայացված օրինակները, այնպես էլ շենքերի առկա առանձնահատկությունները։

Վերականգնման ընթացքում նախատեսվում է օգտագործել բարձրորակ, տարբեր եղանակային պայմանների և խոնավության նկատմամբ դիմացկուն նյութեր։ Ամրացման տարրերը պետք է լինեն հակակոռոզիոն, իսկ աշխատանքները կիրականացվեն գործող շինարարական նորմերի և արտադրողի տեխնիկական պահանջների պահպանմամբ»,- նշված է մրցույթների պաշտոնական կայքում։

Մրցույթը հայտարարվել է հունիսի 2-ին՝ վերջնաժամկետն է 2026 թվականի հունիսի 12-ը։

Հովսեփյան 18 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի բնակիչը նշում է, որ շենքը երկար ժամանակ գտնվում է այս վիճակում։ Նրա խոսքով՝ երկու տարի առաջ իրականացվել են վերանորոգման աշխատանքներ, սակայն դրանք կիսատ են թողնվել և այդպես էլ մնացել են։

Բնակիչը նաև բարձրաձայնում է շենքում առկա այլ խնդիրների մասին՝ նշելով, որ այնտեղ բացակայում է կոյուղու համակարգը։ Բնակիչները սեփական միջոցներով խողովակներ են անցկացրել՝ կոյուղաջրերը դուրս բերելու համար։ Ջրամատակարարման հետ կապված ևս խնդիր կա, և բնակիչները սեփական միջոցներով տեղադրել են ջրի տարաներ ու խողովակներով ջուր են հասցնում բնակարաններ։

Հարկ է նշել, որ NOR ռադիոկայանը բազմիցս լուսաբանել է Նինոծմինդա քաղաքի Ազատության 7, Հովսեփյան 18 և Սպանդարյան փողոցում գտնվող բազմաբնակարան շենքերի անմխիթար վիճակի մասին։

2025 թվականի օգոստոսի 4-ին ևս լուսաբանել էինք, որ բազմաբնակարան շենքերի ճակատների վերանորոգման աշխատանքների համար հայտարարված մրցույթը չի կայացել։ Մասնավորապես, 2025 թվականին վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով հայտարարված մրցույթում Ազատության 7 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի վերանորոգման մրցույթը չի կայացել, իսկ, ինչպես նշված էր գնումների ծառայության պաշտոնական կայքում, Հովսեփյան 18 շենքի մրցույթն ավարտվել էր բացասական արդյունքով՝ շահառու ընկերություն չէր ընտրվել։

2023 թվականին այդ նպատակով տրամադրվել էր 680 հազար լարի։ Մրցույթը շահել էր «Իքս-2» ընկերությունը՝ առաջարկելով 675,391 լարի։ Ըստ պայմանագրի՝ շինարարական աշխատանքները պետք է ավարտվեին 24 շաբաթվա ընթացքում։

2024 թվականի ապրիլին «Իքս-2» ընկերության տնօրեն Գիորգի Խոզրեւանիձեն վստահեցրել էր, որ աշխատանքները կավարտվեն ժամանակին՝ մինչև 2024 թվականի հունվարի 23-ը։ Սակայն նշված ժամկետն անցել է, իսկ շենքերի ճակատային հատվածների վերանորոգումը շարունակում է մնալ կիսատ։

Շենքերի արտաքին վերանորոգման աշխատանքները վերսկսվել են

Նշենք, որ շենքի ճակատային հատվածների վերանորոգման նպատակով մի քանի անգամ ևս հայտարարվել են մրցույթներ, սակայն մնում է կիսատ։

Երեք տարի տևած Նինոծմինդայի բազմահարկ շենքերի վերանորոգումը դեռևս մնում է կիսատ-պռատ

Շենքերի ճակատների վերանորոգման գործընթացը և դրանից առաջացած անհարմարությունը

Երբ կվերսկսվեն շենքերի արտաքին վերանորոգման աշխատանքները

Շենքերի արտաքին հարդարման աշխատանքները վերսկսվել են