Ո՞ր փուլում է գտնվում Սաթխայի հանգստի գոտին

Ո՞ր փուլում է գտնվում Սաթխայի հանգստի գոտին

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղում բնակիչները սեփական ուժերով կառուցում են նոր ժամանցային գոտի։ Նախաձեռնությունը տեղի բնակիչներինն է, ովքեր համախմբվել են՝ բարելավելու գյուղի հանգստի հնարավորությունները։

Պարզելու համար, թե ո՞ր փուլում են հանգստի գոտու աշխատանքները և երբ կհանձնվի շահագործման NOR-ը կապ հաստատեց Սաթխա գյուղի ներկայացուցիչ Գաբրիել Ղազարյանի հետ։

Վերջինս հայտնեց, որ ներկայումս ընթանում են տարածքի բարեկարգման աշխատանքներ, իրականացվում են ներքին հարդարման, կանաչապատման և մայթերի կառուցման աշխատանքներ։

«Աշխատանքների ավարտը մեծապես կախված է ֆինանսական հնարավորություններից, քանի որ ծրագիրը ֆինանսավորվում է գյուղի ֆոնդի միջոցներով։ Գումարները հավաքագրվում են փուլ առ փուլ, և դրանց համապատասխան շարունակվում են շինարարական աշխատանքները։ Եթե մինչև այս տարվա վերջ չհաջողվի ամբողջությամբ ավարտել նախագիծը, ապա այն շահագործման կհանձնվի հաջորդ տարի»,- նշեց Գաբրիել Ղազարյանը։

Հավելենք, որ նախաձեռնության իրագործման համար բացվել էր հատուկ հաշվեհամար, որտեղ գյուղի բնակիչները, երիտասարդները և արտերկրում գտնվող սաթխացիները պարբերաբար փոխանցում են գումար։ Ներդրումների շնորհիվ աշխատանքները շարունակվում են ակտիվ տեմպերով։

Հիշեցնենք, որ ըստ նախագծի պլանավորվում է այգում կառուցել բեմահարթակ, երեխաների համար նախատեսված խաղահրապարակ, շատրվան, նստատեղիներ, զբոսուղի, որը շրջափակված կլինի բուսական աշխարհով, գիշերային լուսավորությամբ։