Գոմաղբի խնդիրը Գորելովկայում․ Բնակիչները դիմում են քաղաքապետին և պատգամավորին

Գոմաղբի խնդիրը Գորելովկայում․ Բնակիչները դիմում են քաղաքապետին և պատգամավորին

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկա գյուղի բնակիչները դիմել են NOR ռադիոկայանին՝ ներկայացնելով իրենց մտահոգությունը գյուղում առկա հակասանիտարահիգիենիկ խնդրի վերաբերյալ։

Գյուղի որոշ ֆերմերներ բնակելի տների հարևանությամբ, ճանապարհի եզրերին, մեծ քանակությամբ գոմաղբ են լցրել։ Նրանց խոսքով՝ այս խնդիրը գոյություն ունի երկար տարիներ։ Թեև ժամանակ առ ժամանակ տարածքը մաքրվում է, կարճ ժամանակ անց այնտեղ կրկին գոմաղբ է լցվում։

Գյուղացիները նշում են, որ գոմաղբի կուտակումները ոչ միայն տարածում են տհաճ հոտ, այլև խոչընդոտում են մարդկանց ազատ տեղաշարժը, բացի այդ բնակիչները տունը օդափոխելու համար լուսամուտները չեն կարող բացել։ Հատկապես դժվարություններ են առաջանում երեխաների համար, որոնք ամեն օր այդ ճանապարհով գնում են դպրոց և մանկապարտեզ։

Բնակիչներից ոմանք հիշում են, որ նախկինում այդ հատվածում, որտեղ գետակն է, հնարավոր էր նույնիսկ գորգեր լվանալ, ինչպես նաև այդ հատվածում անգամ ձկներ են եղել, մինչդեռ այժմ տարածքը ամբողջությամբ պատված է գոմաղբով։

Բնակիչները դիմում են Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սումբատ Կյուրեղյանին և Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանին՝ խնդրելով ուշադրություն դարձնել ստեղծված իրավիճակին և ձեռնարկել համապատասխան քայլեր խնդրի վերջնական լուծման համար։

NOR-ը կապ հաստատեց Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սումբատ Կյուրեղյանի հետ ով նշեց, որ տեղյակ է խնդրի մասին և դիմումը պետք է ուղղված լինի իրեն և ինքն էլ իր հերթին կդիմի համապատասխան մարմիններին։

Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց։

Քանի որ տարածքում հակասանիտարական վիճակ էր և առկա էր հանրային առողջապահության խնդիր, մենք դիմեցինք նաև ՀԱԿ-ի տնօրեն Գայանե Սիմոնյանին, վերջինս նշեց, որ տվյալ իրավիճակը վնաս է մարդկանց առողջության համար և ավելացրեց, որ հիմա շատ զբաղված է և խնդիրը իրենց պարտականությունների մեջ չի մտնում։

Մանրամասները տեսանյութում․