
Ամեն ամառ շատ քաղաքներ ծածկվում են բարդու սպիտակ բմբուլով ։ Այդ երևույթը տեղի է ունենում նաև Նինոծմինդայում։ Բարդու բմբուլի սեզոնը, որը հատկապես անհարմարություն է պատճառում ալերգիայով տառապող մարդկանց, սկսվում է հունիս ամսից։
Փողոցներում տարածվող սպիտակ բմբուլը իր հետ բերում է ոչ միայն բարդու սերմերը, այլ նաև այլ բույսերի ծաղկափոշի և օդում առկա փոշի։ Սա կարող է ավելի վատացնել ալերգիա ունեցող մարդկանց ինքնազգացողությունը։
NOR-ի լրագրողը կապ հաստատեց Թբիլիսիի շտապօգնության բժիշկ Մարի Միկոյանի հետ։ Նրա խոսքով՝ հենց բարդու բմբուլի տարածման շրջանում շատ մարդկանց մոտ սկսվում են ալերգիկ դրսևորումներ։
«Այս ժամանակահատվածում, երբ բարդու բմբուլը սկսում է տարածվել օդում, շատերի մոտ առաջանում է ալերգիա։ Այն կարող է արտահայտվել տարբեր ձևերով՝ մաշկի քոր, հազ, փռշտոց, քթից արտադրություն, ինչպես նաև մաշկի վրա ցանի առաջացում։ Յուրաքանչյուր մարդու մոտ այն կարող է դրսևորվել տարբեր կերպ», – նշում է բժիշկը։
Ինչպե՞ս հնրավորինս պաշտպանվել այս սեզոնին ալերգիկ ռեակցիաներից։
«Առաջին հերթին պետք է հնարավորինս խուսափել այն գործոններից, որոնք կարող են առաջացնել ալերգիա։ Իհարկե, մեր պայմաններում ամբողջությամբ մեկուսանալ բարդու բմբուլից հնարավոր չէ, քանի որ բարդիները շատ են և փոշին տարածվում է շրջակա միջավայրում։
Ակտիվ շրջանում խորհուրդ է տրվում դրսում օգտագործել բժշկական դիմակ։ Անհրաժեշտ է նաև գոնե մեկ անգամ խորհրդակցել մասնագետի հետ։ Կան հակահիստամինային դեղամիջոցներ, որոնք կարող են օգնել թեթևացնել ախտանշանները։ Շատ մարդիկ, ովքեր արդեն ունեն ալերգիա, սովորաբար գիտեն՝ ինչպես պայքարել դրա դեմ։ Որոշ դեպքերում խորհուրդ ենք տալիս նաև կրել արևային ակնոցներ՝ աչքերը պաշտպանելու համար», – ասում է Մարի Միկոյանը։
Բժշկի խոսքով՝ ալերգիան ամբողջությամբ բուժելը շատ դեպքերում հնարավոր չէ, սակայն ճիշտ բուժման և ժամանակին մասնագետի դիմելու դեպքում հնարավոր է հասնել ռեմիսիայի շրջանի, երբ ալերգիան երկար ժամանակ չի անհանգստացնում մարդուն։
Նինոծմինդայի բնակիչներին մասնագետը խորհուրդ է տալիս հատկապես բարդու բմբուլի տարածման ակտիվ շրջանում ավելի ուշադիր լինել իրենց առողջության նկատմամբ և անհրաժեշտության դեպքում դիմել բժշկի։

